Այսօր Բաքու է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության հետ։ Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում։
Բաքուն իրանական կողմին վարկ կտրամադրի Ռեշտ–Աստարա երկաթգծի կառուցման համար, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են համագործակցել նավթային ոլորտում Կասպից ծովում։
Իրան–Ադրբեջան հարաբերությունների տնտեսական բաղադրիչը վերջին տարիների կտրուկ ակտիվացել է'չնայած քաղաքական որոշակի հակասություններին'ադրբեջանա–իսրայելական համագործակցության համատեքստում ու Բաքվի նկրտումների Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ'Մեծ Ադրբեջանի պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում։
Բաքուն փորձում է հասկացնել Թեհրանին, որ Իսրայել–Ադրբեջան համագործակցությունը'հատկապես դրա ռազմական բաղադրիչն ուղղված չէ Իրանի դեմ, այլ ուղղված է միայն ու միայն ՀՀ–ի ու հատկապես Արցախի դեմ։ Բաքուն զինվում է իսրայելական զենքերով ոչ թե Իրանի դեմ, այլ հայկական կողմերի։
Թեհրանը փորձում է ունենալ իր տնտեսական, քաղաքական ներկայությունն Ադրբեջանում'իրականացնելով էներգետիկ–տրանսպորտային նախագծեր, ներդրումներ իրականացնելով ադրբեջանական տնտեսության տարբեր ճյուղերում։
Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին'Վրաստանին ու Իրանին ներգրավվել մեկ միասնական տրանսպորտային, էներգետիկ նախագծերում'Թբիլիսին ու Թեհրանը ՀՀ–ից «պոկելու» նպատակով։
Բաքուն ցանկանում է զարգացնել այսպես կոչված «Հարավ–Արևմուտք»(Հնդկաստան–Պարսից ծոց–Իրան–Ադրբեջան–Վրաստան–Սև ծով–Ուկրաինա–ԵՄ) միջանցքը։ Դա արվում է ՀՀ–ն տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու նպատակով'հայ–իրանական ու հայ–վրացական երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և այլ նախագծերի կյանքի կոչումը հարվածում է ՀՀ–ն մեկուսացնելու թուրք–ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը։ Չմոռանանք, որ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈւԱՄ–ի անդամ են։
Ադրբեջանը ցանկանում է «միջանցք» դառնալ իրանական բիզնեսի համար դեպի Վրաստան ու Սև ծով, իսկ Վրաստանի համար'Թբիլիսի–Բաքու–Իրանի սահման երկաթգծի միջոցով վրացիներին թույլ տալ մուտք գործել իրանական բազմամիլիոնանոց շուկա ու Պարսից ծոց։
Տրանսպորտային ու էներգետիկ, տարանցիկ միջանցքի վերածվելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դրդել Բաքվին հատուկ, արտոնյալ պայմաններ ստեղծել իրանական ու վրացական արտադրողների ու բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք հայկական'ՀՀ–ի տարածքով անցնող ուղղությանը նախընտրեն ադրբեջանական ուղղությունը'դա էլ տնտեսական պատերազմի, դեմփինգի և այլ տարրերից մեկն է։
Ադրբեջանը ցանկանում է թուրքական, իսրայելական, ռուսական տնտեսական, քաղաքական ազդեցությունը բալանսավորել նաև Իրանի միջոցով'հայ–իրանական ռազմավարական կապերի մեջ սեպ խրելու համար։
Իրանական շուկան հետաքրքիր է Բաքվի համար, բացի այդ, դա լրացուցիչ ուղի է անկլավային Նախիջևան ու մեծ եղբայր Թուրքիայի տարածքի հետ կապեր պահպանելու համար։ Բացի այդ, սերտացնելով Իրանի հետ տնտեսական կապերը Բաքուն փորձելու է Թեհրանում ստեղծել ադրբեջանամետ լոբբի'ղարաբաղյան հարցի, հայ–իրանական հարաբերությունների ու հնարավոր նախագծերի վրա ազդելու համար։
ՀՀ–ԼՂՀ տրանսպորտային մեկուսացումը խորացնելու համար Ադրբեջանը ֆինանսավորեց Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի վրացական հատվածը։ Այժմ Բաքուն ֆինանսավորում է Ռեշտ–Աստարա երկաթգիծը'հայ–իրանական երկաթգծի վրա խաչ քաշելու ու դրա կառուցման «ոչ արդյունավետությունը» ցույց տալու համար հատկապես իրանական կողմին։
Ադրբեջան–Իրան երկաթգծի շնորհիվ Բաքուն ցանկանում է իրանական բեռների հոսքերն ուղղել իր տարածքով նախ դեպի ՌԴ, Վրաստան ու սևծովյան երկրներ'ՎՈՒԱՄ–ի անդամ Ուկրաինա, ինչպես նաև ԵՄ։