Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ 2017թ. ԵՄ-ում փախստականի կարգավիճակի համար ներկայացված հայցադիմումների թիվը նվազել է կրկնակի՝ մինչև 649 855: Այս առումով՝ առաջատարի դիրքում շարունակում է մնալ Գերմանիան՝ ընդհանուր առմամբ 198 255 հայցով, իսկ կրկնակի հայցադիմումները ևս հաշվի առնելով՝ թվային պատկերը հետևյալն է՝ ԵՄ-ում՝ 704 625, Գերմանիայում՝ 222 560:
The Local վիճակագրական վարչության հետազոտության մեջ նաև նշվում է, որ նույն Գերմանիայում ևս 2016թ. համեմատ հայցադիմումների թիվն էականորեն նվազել է՝ ամբողջ ԵՄ-ի համամասնության մեջ 2016թ. 60%-ից հասնելով 2017թ. 30%-ի. ի դեպ, Գերմանիայում նույն միտումն առկա է նաև 2018թ. առաջին 2 ամիսների կտրվածքով (2018 թ. 11 000, 2017թ.14 300-ի դիմաց): Ընդհանուր առմամբ, 2011-2016թթ. Գերմանիայում ստացվել է 1,55 մլն հայցադիմում, որոնց կեսից ավելին՝ 2015-2016թթ.:
Փախստականի կարգավիճակի համար ստացված հայցադիմումների թվով ԵՄ երկրորդ երկիրը Իտալիան է՝ 126 550 դիմումով, երրորդը՝ Ֆրանսիան (91 070), ապա՝ Հունաստանը (57 020), իսկ դիմողների մեծամասնությունը Սիրիայի, Իրաքի և Նիգերիայի քաղաքացիներ են:
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ում նկատվող նաև ներգաղթյալների ներհոսքի՝ էականորեն նվազելու իրողությանը մեծապես նպաստել է 2016 թ. մարտին Բրյուսելի և Անկարայի միջև կնքված համաձայնագիրը, համաձայն որի՝ Թուրքիային նախապես խոստացված 3 մլրդ եվրոյին կավելացվի ևս նույնքան, որը կտրամադրվի մինչև 2019 թ. ավարտ: Իսկ ֆինանսական հատկացումների դիմաց Անկարան հետևողական կլինի՝ ներգաղթյալների հոսքը դեպի ԵՄ կանխելու հարցում: