Ադրբեջանն ոչ միայն չի պատրաստվում լքել ՎՈւԱՄ–ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), այլև ակտիվ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին։ Անդամ–երկրներն աշխատում են տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ուղղությամբ։ Այս աշխարհաքաղաքական պայմաններում ՎՈւԱՄ–ը պահանջված կազմակերպություն է։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիևը։

Նա նշել է, որ ՎՈւԱՄ–ին ժամանակ առ ժամանակ փորձում են «կպցնել» հակառուսական կազմակերպության պիտակ, սակայն կազմակերպությունը չի եղել ու չի լինելու հակառուսական հարթակ'«մեր նպատակն է տրանսպորտային, էներգետիկ համագործակցության զարգացում»։

Նշենք, որ Ուկրաինան մեծ հեռանկարներ ունի զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Կիևը ցանկանում է դիվերսիֆիկացնել հեղուկ գազի մատակարարումներն ու բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Ուկրաինան գազն ու նավթը ցանկանում է տեղափոխել Ադրբեջանից ու դրա համար համապատասպան տերմինալներ է կառուցում։

Վերջերս Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը ունի իրական հեռանկարներ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն այդ թվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին' Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ը այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:

Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքը Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն ԵՄ-ի շուկա:

ՎՈՒԱՄ-ի անդամ-պետությունները երկկողմ մակարդակով նույնպես բավականին ակտիվ առևտրա-տնտեսական հարաբերություններ են հաստատել, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմը» ՎՈՒԱՄ-ի առանցքը դարձնելու է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը զսպող երկրներին միավորող կոալիցիա: