Անցումային երկրների քաղաքական համակարգերը չեն կարող լինել կատարյալ, և շատ կարևոր է, թե ինչ տեսլական ունի այդպիսի երկրի նկատմամբ երկրի իշխող վերնախավը։ Հետխորհրդային երկրներում մենք էլիտաների տարբեր տիպեր ենք տեսել, և այդ առումով այս տիրույթը բավականին խայտաբղետ է եղել։ Ունեցել ենք և ունենք թե՛ ավտորիտար, թե՛ ժողովրդավարացման մոդելներին հարող էլիտաներ՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանն այդ առումով համարվում է հետխորհրդային ամենակայուն երկրներից մեկը, որտեղ քաղաքականության ներքին կառուցվածքաբանության մակարդակում քաղաքացիական բախումները բացառվել են (1998-ի հեղաշրջումը չենք հաշվում)։
Հեղաշրջումներն առհասարակ, եթե բացառում են արյուն, քաղաքագիտորեն կարելի է բացատրել ու նույնիսկ տեղավորել բարոյական ժանրում, թեպետ քաղաքականությունը միայն բարոյականությամբ պայմանավորելն ամենաշնորհակալ գործը չէ։ Ինչևէ։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել հարցազրույցով։ Tert.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ եթե նույնիսկ ստանձնի Հայաստանի ապագա վարչապետի պաշտոնը, ապա միայն հավելումով, որ ավելի շատ ժամանակ անց է կացնելու նոր լիդերներ պատրաստելու ու երիտասարդներին օժանդակելու համար։ Վերացարկվելով բուն հայտարարությունից՝ պետք է նախևառաջ դիտարկել Սարգսյանի քաղաքական պատկերացումները, նրա վարքի, հարցեր կարգավորելու մեթոդաբանությանը։ Նոր կադրեր պատրաստելն, իհարկե, յուրաքանչյուր իշխանության սրբազան պարտքն է, որը պետք է լինի տվյալ երկրի առաջնորդի գլխում իշխանություն ստանձնելու հենց առաջին օրից, մինչդեռ Սարգսյանը, ինչպես պատմահամեմատականությունն է ցույց տալիս, առաջնորդվել է ավելի շատ րոպեական շահով, ինչն արդեն իսկ բացառում է երկարաժամկետ քաղաքականությունը, դրա մոդելավորումը։ Ավելին՝ իր հայտարարության մեջ նախագահը նշում է, որ նոր կադրեր ասելով ինքը նկատի չունի հին գվարդիան՝ անկախությունից ի վեր էլիտայի անբաժան մաս կազմող գեներալիտետը, օլիգարխիան, ՀՀԿ հին վերնախավն ու դրանցից ածանցվող իշխանական հարակից շրջանակները, որոնք Սարգսյանից ակնկալիքների առումով երբեք ժուժկալությամբ չեն փայլել։ Սարգսյանի՝ իշխանական վերնախավում հարատևության գաղտնիքը հենց վերոնշյալ շրջանակների հետ հարաբերությունների յուրահատուկ մեթոդն է, որը թույլ է տվել տարբեր շահերի բախում զսպել, թույլ չտալ առճակատում իշխանության թևերի մեջ։
Պարբերաբար վերադասավորելով էլիտան՝ Սարգսյանն աստիճանաբար հասկացավ, որ քաղաքականությունը պայմանավորող ամենակարևոր գործոնը՝ կոմպրոմիսն էլ կարող է հանկարծ սպառել իրեն, որովհետև նույնիսկ ամենաուժեղ մեթոդաբանությունը, երբ դառնում է կառավարման միակ ձևը, առաջացնում է լճացում։ Յուրաքանչյուր իշխանության համար իշխանություն ձեռք բերելուց առավել շատ կարևոր է դառնում դրա փոխանցումը կազմակերպելը։ Սերժ Սարգսյանը երրորդ պայմանական ժամկետին գնում է հստակ ֆիքսելով, որ պետության կայունությունը, զարգացումն ու հասարակական ներդաշնակ անդորրն ապահովող բաղադրիչներից առնվազն մեկը չի կատարել։ Նա չի կարողացել ձևավորել այնպիսի կայունություն, որ թույլ կտար իրենից հետո իշխանության ձևավորման գործընթաց կազմակերպել։ Միևնույն ժամանակ, Սարգսյանն իր հարցազրույցում նաև հստակ նշում է, որ չի պատրաստվում իշխանության հանձնման գործընթացը կազմակերպել այսպես կոչված հին էլիտիստների ու նրանց հարող մասնավոր սեփականատերերի միջոցով։ Վերջիններս իհարկե փորձելու են ամեն կերպ պարտքի տակ չմնալ։ 2016 թվականից ի վեր տարբեր հասարակական հուզումներում մենք տեսել ենք նախկին իշխանությունների կամ դրանց հարող շրջանակների ականջները, հետևաբար եթե Սարգսյանն ամեն կերպ փորձում է նախկին ռևանշիստական էլիտաներին հետ պահել նորից իշխանության գալու ցանկություններից, ապա առաջինը, ով պետք է ենթարկվի այդ կանոնին, հենց ինքն է։ Ստացվում է, որ, զսպելով նախկիններին, նա չի կարողանում դրա համար արժանի հակախաղ գտնել, առաջարկել այնպիսի կանոն, որը չէր հերքի իր իսկ նախանշած խաղի կանոնները։
Այդ գործընթացը (նկատի ունեմ նոր էլիտայի պատրաստումը) Սերժ Սարգսյանը պետք է պատրաստեր ու փորձարկեր իր կառավարման երկրորդ ժամանակահատվածում, ինչը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներում չի արել կամ չի կարողացել անել։ Ուստի այժմ Սերժ Սարգսյանի համար հասունանում է երևի թե ամենաբարդ ժամանակաշրջանը։ Նա մի կողմից փորձելու է դաշտից դուրս մղել հին գվարդիային, որի հետ ոչ միայն ճանապարհ է անցել, այլև որոշակի առումով իրեն էլ կարող են համարել հինգվարդիական, մյուս կողմից՝ ձևավորել մի այնպիսի վերնախավ, որը թեկուզ համալրված կլինի վտանգավոր կարիերիստներով կամ տեխնոկրատներով, սակայն առնվազն չի լինի էությամբ ռևանշիստ ու չի պարունակի օպորտունիզմի նշաններ։
Ակնհայտ է, որ առաջին տեսակը Սարգսյանի համար ավելի նախընտրելի է, ու մոտ ապագայում մենք կտեսնենք ներիշխանական բախումների մի նոր փուլ, և այդ պայքարի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ինչպիսի իշխանություն կունենանք մենք 2024 թվականին ընդառաջ։