Իրանական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը քննադատել է ԻԻՀ գործող կառավարության վարած քաղաքականությունը Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ՝ ընդգծելով, որ, ի տարբերություն ԻԻՀ նախկին կառավարության (հիմա՝ Մ. Ահմադինեժադի շրջանի)՝ Իրանի հանդեպ թույլ տրվող ադրբեջանական սանձարձակություններին կոշտ արձագանքելու ունակության, ԻԻՀ ներկա կառավարությունը աչք է փակում ադրբեջանական սանձարձակությունների վրա՝ դրանով իսկ դուռ բացելով այդ երկրի շարունակական հակաիրանական քայլերի համար։

Այս անգամ Իրանում նմանատիպ հրապարակման պատճառ է հանդիսացել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի արտգործնախարարների քառակողմ հանդիպման նպատակով ԻԻՀ արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆի՝ Բաքու այցի նախօրեին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» օրաթերթի կայքում հրապարակված հակաիրանական բնույթի մի հոդված, որտեղ տեղադրված լուսանկարներից մեկում, ըստ հրապարակման, անարգվել են Իրանի պետական խորհրդանիշները (նկարը՝ ստորև)։

Հետաքրքրական է, որ հոդվածի եզրափակիչ մասում անդրադարձ է եղել նաև հայ-իրանական հարաբերություններին.

«Իրականությունն այն է, որ Բաքուն, դիմելով Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման իմիտացիայի, իր ողջ կարողությունը ներ է դրել ի սպաս Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների խառնակման գործի, որպեսզի Թեհրանի և Բաքվի հարաբերությունների բարելավման ծրագիրն ամբողջացնի հայ-իրանական հարաբերությունների սառեցմամբ, և, փաստացիորեն, այդ ծրագրի համար սահմանված նպատակներից մեկը նվազագույնի հասցնելն է հայ-իրանական հարաբերությունները, իսկ երկրորդը Իրանին հաշտեցնելն ու հարմարեցնելն է Ադրբեջանում սիոնիստական և իսրայելական քաղցկեղային ազդեցության երևույթի գոյության հետ»։