Ես առավել քան վստահ եմ, որ հիմա թե՛ միջազգային մամուլով, թե՛ մեր ներքին դաշտի արևմտամետ թևում սկսվելու է ծաղրուծանակ, հիասթափություն, քննադատություն՝ կապված երեկ ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների ու հատկապես՝ դրանցում արձանագրված արդյունքների մասին։ Ու բնականաբար, հիմնական թեման լինելու է այն, թե ինչպես ստացվեց, որ Պուտինն այնքան ձայն հավաքեց, որքան սովորաբար հավաքում էին ԽՍՀՄ ղեկավարները կամ էլ՝ միջինասիական ավտորիտար առաջնորդները։
Սկսենք նրանից, որ ես բնավ չեմ կարծում, որ ընտրություններին ռուսական իշխանությունները եղել են լրիվ ազնիվ ու ոչ մի խախտում չեն արել։ Արել են, այն էլ ոնց են արել ու այդ մասին՝ ստորև, բայց անգամ դրանցով չի կարելի բացատրել այսպիսի ցուցանիշները՝ թե՛ մասնակցության, թե՛ Պուտինի հավաքած տոկոսի, թե՛ մյուս թեկնածուների (բացի Սոբչակից) ցուցաբերած ցուցանիշների մասով։ Սակայն, ի հեճուկս մեր լուզեր ընդդիմադիրների երկարամյա նվնվոցի, գրեթե ակադեմիական փաստ է, որ ադմինիստրատիվ բոլոր լեգալ ու ոչ լեգալ լծակները կարող են +15 տոկոսի կարգի ազդեցություն ունենալ, իսկ Պուտինը հավաքել է 76%։ Դեռ մի քանի շաբաթ առաջ իմ կանխատեսումներն այնպիսին էին, որ նա պետք է 50-60 տոկոսի միջակայքում ձայն հավաքեր։ Ըստ իս՝ այս ամենի վրա ազդել է հատկապես 3 հիմնական գործոն․
1․ Աննախադեպ թույլ մրցակիցներ ու անասելի կեղտոտ քարոզարշավ
Քարոզարշավը խիստ զզվելի էր ու բալագան էր հիշեցնում․ թեկնածուներն ամեն օր ծաղրուծանակի էին ենթարկում էլեկտորատին։ Տպավորություն էր, որ դախլչիներ էին հավաքվում հեռուստադեբատներին։ Էլ չխոսենք թեկնածուների ծանծաղության մասին։ Պետք է խոստովանել, որ ինչքան էլ վատ վերաբերվես Պուտինին, բայց մի տեսակ իմաստ էլ չունի քննարկել, թե ինչու մարդիկ նրան իրական այլընտրանք չէին տեսնում ներկայացվածների շարքում։ Բովանդակության ցածր որակն ու այլընտրանքների ոչ այնքան հաճելի տարբերակները բերեցին նրան, որ նեյտրալ ու նույնիսկ որոշ չափով ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող ընտրողները գերադասեցին Պուտինին։
2. Արտաքին ճնշումից առաջացած կոնսոլիդացիա
Ոչ պակաս կարևոր դերակատարություն ունեցավ այն, որ Արևմուտքը կամա թե ակամա ակտիվացրեց ռուսական մենթալիտետի ամենաուժեղ ազդակներից մեկը՝ արտաքին վտանգի դեպքում կոնսոլիդացվելու ռուսների բացառիկ ունակությունը։ Պրոցեսը նոր չէր, հատկապես 2014-ից գնում էր, բայց վերջին շաբաթներին նկատվող լարվածության նոր պիկը հսկայական դերակատարություն ունեցավ․ որքան ավելի կոշտ է Արևմուտքն արձագանքում Ռուսաստանի գործողություններին միջազգային հարթակում, այնքան ավելի շատ մարդ է սկսում հարգել ու սիրել յուր ցարին։ Սրան էլ գումարում ենք Պուտինի աննախադեպ սուր զեկույցը և ուժի ցուցադրությունը և ստանում ենք երկրորդ կարևորագույն գործոնը, որը ազդեց թե՛ ընտրություններին բարձր մասնակցության վրա, թե՛ անձամբ Պուտինի ստացած ռեկորդային բարձր տոկոսի վրա։
3․ Ադմինիստրատիվ ռեսուրս + չնախատեսված ակտիվություն
Ինչպես արդեն նշեցի, իհարկե, ռուսական իշխանությունները կիրառել են ադմինիստրատիվ ռեսուրս․ ավտոբուսներով մարդկանց էլ բերած կլինեն, լցոնումներ էլ արած կլինեն, կարուսելներ էլ կազմակերպած կլինեն։ Վստահ եմ, որ հեսա պարզվելու է, որ Հյուսիսային Կովկասում Պուտինը մի 98 տոկոս է հավաքել, վստահ եմ, որ ցանցը կհեղեղվի տարբեր կադրերով ու տեսանյութերով, որոնք ամենատարբեր խախտումները ցույց կտան, բայց, ինչպես արդեն նշեցի, պետք չէ գերագնահատել դրանց դերն ու տեսակարար կշիռը։ Բոլոր այդ մեխանիզմներով հանդերձ չի կարելի ապահովել 67 տոկոս ընտրությունների մասնակցություն ու 76 տոկոս քվե։ Կարծում եմ, որ ռուսական իշխանությունները մտավախություն ունեին, որ լինելու է ցածր մասնակցություն, ու քայլեր էին ձեռնարկել, բայց ընտրությունների օրը պարզվեց, որ մասնակցությունն առանց միջամտության էլ ռեկորդային է լինելու, ու սրանում համոզվելու համար բավական էր տեսնել աշխարհի տարբեր երկրներում ՌԴ դեսպանատների մոտ քվեարկել ցանկացող ՌԴ քաղաքացիների հսկայական հերթերը (այդ թվում՝ Հայաստանում)։ Արդյունքում ադմինիստրատիվ լծակների էֆեկտը գումարվել էր չնախատեսված ալիքին, ու ստացվել են այսպիսի ցուցանիշներ։