Սիրիայում ԻՊ-ի պարտությունից, այդ երկրի բանակի, ՌԴ օդա-տիեզերական ուժերի և Իրանի զինուժի կողմից մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութան այնտեղ կենտրոնացած ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից գրեթե կիսով չափ մաքրելուց հետո, ԱՄՆ-ին մնաց Սիրիայում իշխանափոխության հասնելու միայն մեկ հնարավորություն։

Դատելով ամենից, Ասադին իշխանությունից հեռացնելուն, նրա վարչակարգը տապալելուն և Սիրիայում իշխանափոխության հասնելուն նպատակաուղղված իր քաղաքականության ձախողումից հետո, ԱՄՆ-ը Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխության հասնելու և Բաշար Ասադի վարչակարգը տապալելու այլ հնարավորություն այլևս չունենալով, պատրաստվում էր մարտավարական նշանակության, փոքր հզորությամբ միջուկային զենք կիրառել Սիրիայի առավել կարևոր օբյեկտներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ (օրինակ' կառավարության շենք, խոշոր զորամասեր և այլն):

Ըստ էության' ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետախուզական տվյալների և համապատասխան վերլուծությունների հիման վրա հանգել էր հենց այս եզրակացության, և մարտի 1-ին Պուտինի հայտնի ելույթը հենց վերոնշյալ հարվածը կանխելու նպատակն ուներ: Այս եզրակացությանը կարելի է հանգել մի շարք փաստերի վերլուծության հիման վրա:

Հասկանալի է, որ միջուկային հարվածով Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխությունից ու Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական և իրանական զինված ուժերը Սիրիայում այլևս անելիք չէին ունենա ու ստիպված կլինեին լքել այդ երկիրը: Իր այդ հարվածը հիմնավորելու համար ԱՄՆ-ը քաղաքական և քարոզչական ասպարեզում վաղուց է նախապատրաստական աշխատանք կատարում' Ասադին, Սիրիայի կառավարությանը և բանակին անհիմն կերպով կամ շինծու հիմքերով մեղադրելով Սիրիայի զինված ընդդիմության (որին ԱՄՆ-ը զինել և հովանավորում է) նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի մեկ այլ տեսակի' քիմիական զենքի կիրառման մեջ: Սադրանքի տրամաբանությունը հետևյալն է' Սիրիայի իշխանությունները զանգվածային բնաջնջման զենք են կիրառել, ինչը մեզ իրավունք է տալիս նրա նկատմամբ նույնպես զանգվածային բնաջնջման զենք կիրառելու:

Սա շատ էական հանգամանք է, քանի որ Սիրիայում ԻՊ-ը, ահաբեկչական մյուս կազմակերպությունները և զինյալ ընդդիմությունը հիմա նախկին ուժը չունեն և այլևս չեն կարող լուծել վարչակարգի տապալման խնդիր: Կարող ենք վստահեցնել, որ այժմ Արլ.Ղութայում գտնվող ահաբեկիչների և զինյալ ընդդիմության մնացորդներն են փորձում թունավորել Սիրիայի իշխանությունների և խաղաղ ժողովրդի կյանքն այնքանով, որքանով դա հնարավոր է: Ի հակակշիռ այս ամենին' Սիրիայում գտնվող, Արևմուտքի հովանավորությունը և աջակցությունն ունեցող ուժերն այլևս ի վիճակի չեն տապալելու Ասադի վարչակարգը և հասնելու իրենց մյուս նպատակներին' զուգահեռաբար իրականացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նպատակները: Ահա այս իրավիճակում է, որ Թրամփը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Սիրիայի իշխանությանը վերստին սկսեցին մեղադրել զինյալ ընդդիմության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ կամ հաճախացրին և խստացրին ավելի վաղ հնչող մեղադրանքները' հող նախապատրաստելով միջուկային հարվածի համար: Դա այս պահին ու տեսանելի ապագայում Սիրիայում իրենց նպատակներին հասնելու' Ասադի վարչակարգը տապալելու, իր ներկայիս տեսքով այդ պետության գոյությանը վերջ տալու միակ միջոցն է, ինչը ԱՄՆ-ը շատ լավ գիտակցում է:

Միջուկային մարտալիցքի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն իր բնույթով, այլև կիրառման հետևանքներով էապես տարբեր է սովորական ռազմամթերքից: Միջուկային ռումբի կամ մարտագլխիկի պայթյունը հանգեցնում է ռադիոակտիվ ճառագայթման, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակվածության, պայթյունից նույնիսկ ամիսներ ու տարիներ հետո մարդկային մեծաթիվ զոհերի:

Շատ կարևոր է նկատի ունենալ, որ միջուկային զենքի կիրառումն ունակ է հոգեբանորեն կոտրելու նաև նրանց, ովքեր սովորական պատերազմի դեպքում չեն կոտրվում: Աչքի առաջ ունենալով Հիրոսիմայի ու Նագասակիի փորձը, ողջ մնացածներն աշխատելու են պայթյունի վայրից շատ հեռու փախչել, երկար ժամանակ չվերադառնալ։ Ոչ միայն մարդկանց, տեխնիկայի, կոմունիկացիաների կորուստն է ահռելի լինում, այլև ճառագայթված շինությունները դառնում են ապրելու կամ աշխատելու համար անպիտան, երկրի տնտեսությանը պատճառվում է ահավոր մեծ վնաս, որի տակից մի այնպիսի պետություն, ինչպիսին երկարամյա պատերազմում հյուծված Սիրիան է, կարող է և դուրս չգալ: