Վերջին 20 տարիների հայաստանյան զարգացումները տեղի են ունենում երեք գլոբալ գործընթացների համատեքստում: Առաջինը կապիտալիստական աշխարհամակարգի վերակազմավորումն է' սոցիալիստական բլոկի ու ԽՍՀՄ փլուզումը և այդ տարածքների պետությունների նոր կարգավիճակով վերամիավորումը համաշխարհային տնտեսությանը, որի հետևանքով Հայաստանը, հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի հետ, հայտնվեց աշխարհամակարգային ծայրամասում: Երկրորդ համատեքստն է կապիտալիստական աշխարհամակարգի ընդհանուր ճգնաժամի խորացումը, որը զուգորդվել է աշխարհամակարգի հեգեմոնի' ԱՄՆ դիրքերի թուլացմամբ: Արդյունքում հաճախացել և խորացել են գլոբալ տնտեսական ճգնաժամերը, ուժեղացել են դրանց բացասական հետևանքները, միջազգային հարաբերություններում խարխլվել են իրավական նորմերը և աճել է տեղական ու տարածաշրջանային պատերազմների վտանգը: Այդ բացասական ազդեցությունները և վտանգներն ավելի ինտենսիվ են արտահայտվում հատկապես աշխարհաքաղաքական մեծ տարածքների և քաղաքակրթական շփումների գոտիներում:
Ազգային պետությունների և վերազգային տնտեսական կորպորացիաների կողմից տնտեսական արդյունավետության մաքսիմիզացման նպատակով գիտական և տեխնոլոգիական նվաճումների անվերահսկելի օգտագործումը ժամանակակից հասարակությունները վերածել է ռիսկեր արտադրող հասարակությունների: Գլոբալ իրավիճակի ռիսկայնությունն աճում է նաև այն պատճառով, որ դեռևս չի կազմավորվել նոր գլոբալ քաղաքակրթական զարգացման տեսլականը: Երրորդ համատեքստն է աշխարհի գլոբալացումը՝ որպես աշխարհամակարգի զարգացման արդի փուլի որակական նոր աստիճան: Ինտերնետի զարգացումն ու զանգվածային մատչելիությունը հնարավոր են դարձրել գաղափարների, մշակութային և սոցիալական արժեքների ազատ փոխանակումը, քաղաքացիական հասարակության դերակատարների միջազգային և վերազգային համագործակցությունը, ցանցային հանրությունների կազմավորումը, որի հետևանքով պայմանական է դարձել տեղի և ժամանակի փոխկապվածությունը:
Դեռևս հայտնի չեն ո՛չ նշված գործընթացների կայունացման ժամանակային շրջանակները, ո՛չ էլ հանգրվանները: Մեծ անորոշության պայմաններում շարունակաբար արդիական են մնում այն հարցերը, որոնք պայմանավորում են երկրի ու հասարակության ունակությունն՝ արձագանքելու ժամանակի մարտահրավերներին: Դրանց թվում կարևոր նշանակություն ունեն այն հարցերը, թե արդյո՞ք ՀՀ քաղաքական համակարգը համապատասխանում է ժամանակի մարտահրավերներին և արդյո՞ք միմյանց համապատասխանում են ՀՀ քաղաքական համակարգը և ՀՀ հասարակության քաղաքական մշակույթը: Ավելի կոնկրետ' արդյո՞ք արդի ՀՀ համար գերադասելի է ավտորիտար քաղաքական համակարգը և դրան առավել համապատասխանող հպատակային քաղաքական մշակույթ ունեցող հասարակությունը, թե՞ գերադասելի է ժողովրդավարական քաղաքական համակարգը և դրան առավել համապատասխանող քաղաքացիական մշակույթ ունեցող հասարակությունը: Եթե առաջին ուղին ավելի նպատակահարմար է թվում քաղաքական համակարգի ներքին կայունության պահպանման համար և թույլ է տալիս համախմբված արձագանքել արտաքին մարտահրավերներին, ապա երկրորդը, հանդուրժելով հասարակական զարգացումների որակական բազմազանությունը, ճկունություն է հաղորդում ազգային զարգացմանը:
Անկախ քաղաքական մշակույթի տիպից, ՀՀ հասարակության առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր խնդիր են ազգային ներքին ռեսուրսների պահպանումը և զարգացումը: Աշխարհամակարգում ծայրամասային դիրք գրավող փոքր երկրների համար, տեղաշարժերի համար բաց արդի աշխարհում, այդ խնդիրը դժվար լուծելի է: Երբ ավտորիտար, թույլ զարգացած տնտեսությամբ, գործազրկության բարձր մակարդակով, աղքատ բնական ռեսուրսներով, պատերազմական ռիսկի գոտում գտնվող երկրներում ծանրանում են կենսագործունեության պայմանները, ապա հասարակության մեջ աճում են արտագաղթի միտումները:
Ընդ որում, հարաբերականորեն ավելի ինտենսիվ են արտագաղթում ավելի եռանդուն, երիտասարդ, բարձր կրթամակարդակ և ունակություններ ունեցող անձինք, ովքեր դժվար են համակերպվում սոցիալական, քաղաքական, տնտեսական ոլորտներում հիերարխիկ-ավտորիտար հարաբերություններին, որոնց բովանդակային առանցքներն են' կլիենտելային կախվածությունը և կոռուպցիոն վարքը: Այլ կերպ' աշխարհամակարգային ցածր նիշաներում գտնվող երկրներում ավտորիտարիզմի և մոբիլիզացիոն միտումների աճը, մնացած հավասար պայմաններում, դժվարացնում է համակարգի զարգացումը, առաջացնում է դրա ապաճմանը նպաստող գործոններ և բարձրացնում ցածր աշխարհամակարգային նիշայում հարատևելու հավանականությունը: