Հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային հարթակում' DDEX ստարտափում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
DDEX-ը կրիպտոարժույթի փոխանակման ապակենտրոնացված հիբրիդային մոդել է, որը թույլ է տալիս կրիպտոարժույթների գնորդներին և վաճառողներին առևտուր անել'առանց փոխանակման գործընթացում այս կամ այն ակտիվների ներդրման անհրաժեշտության: Ստարտափը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին:
Reddit-ի համահիմնադիրը նշել է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացումը նվազեցնում է փոխանակման ռիսկերը: «DDEX-ն այսօր ունի թիմ, փորձ ու ռեսուրսներ, որպեսզի իրականացնի բարձր գործառնության ապակենտրոնացված փոխանակում»,-ասել է Ալեքսիս Օհանյանը:
Օհանյանը փետրվարին հայտարարել է, որ կդադարեցնի իր առօրյա պարտականություններն իր իսկ համահիմնադրած Reddit-ում և ուշադրությունը կկենտրոնացնի Initialized Capital-ի վրա: Նա կշարունակի մնալ Reddit-ի տնօրենների խորհրդում։