Մինչ տարբեր փորձագետներ գլուխ են ջարդում այն բանի վրա, թե մի շարք տարածաշրջանների երկրներին ու ժողովուրդներին ինչ կտա ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների նոր գագաթնաժողովը (նախնական պայմանավորվածությամբ՝ Ստամբուլում, ապրիլի առաջին օրերին), և արդյո՞ք միայն Սիրիայի ու քրդական հարցերն են քննարկվելու, Անդրկովկասում նկատվում է Ադրբեջանի որոշակի ակտիվացում:
Եթե Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ-ի հատուկ հանձնակատար, էստոնացի Տայվո Կլաարի այցը Ապշերոն դժվար է գնահատել որպես միայն Ադրբեջանի շահերը շոշափող և տարածաշրջանի խնդիրներին կոնկրետ առնչվող իրադարձություն, ապա միջազգային լրատվամիջոցներում «ծուլորեն լուսաբանվող» Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամիի երկօրյա այցը Բաքու մտորումների տեղիք է տալիս: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ էստոնացու այցը համատարածաշրջանային էր, և Բաքվից հետո՝ փետրվարի 23-ին, նա արդեն Երևանում էր, հանդիպումներ էր ունենում տեղի իշխանությունների հետ: Այնպես որ, այն փաստը, որ Բաքվում Կլաարը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ, դեռ ապացույց չէ, որ այդ կերպ ադրբեջանական իշխանությունները ցանկացել են իմանալ ԵՄ-ի կարծիքը տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմամբ շանտաժ անելու վերաբերյալ: Արդեն Երևանում նույն Կլաարը բանակցել է նախագահ Սարգսյանի հետ:
Փաստացի ունենք իրավիճակ' ԵՄ-ը միջնորդական ոչ մի ձևաչափով շահագրգռություն չի ցուցաբերել զբաղվելու հայ-ադրբեջանական հակամարտության և ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմամբ:
Դիտարկեն Իրանի դիրքավորումը. այն թեև եվրոպական երկիր չէ, ԵԱՀԿ-ի անդամ չէ, բայց 1992 թվականից այս կամ այն չափով «ընդգրկված» է սահմանային Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներում, այսինքն, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրադարձությունների մեջ: Դժվար է համաձայնել այն բանին, թե բրիգադային գեներալ Խաթամիի այցը պարզապես «ճանաչողական ուղևորություն» է: Ուշադրության արժանի է այն, որ անմիջապես այս այցից հետո, Բաքուն հայտարարեց, թե մարտի 6-ին Ադրբեջան են այցելելու Թուրքիայի և Ուկրաինայի փոխարտգործնախարարներ Ումիդ Յալչընը և Վասիլի Բոդնարը. Դժվար է պատկերացնել, որ նույն Իրանում «տեղյակ չեն», թե ում օգտին են «աշխատում» իրենց ադրբեջանական հարևանները, ինչպես նաև Թուրքիան և Ուկրաինան: Փաստորեյ Թեհրանը միանգամայն տրամաբանական հարցեր ունենար Բաքվի հետ:
Ներկայումս Թուրքիան մի տեսակ ծանր կացության մեջ է այն կապակցությամբ, որ Իրանն ու Ռուսաստանը ներգրավված են սիրիական իրադարձությունների մեջ, բայց այդ համագործակցության ձևաչափը երկար պատմություն չունի, և ով գիտե, թե ինչ կկատարվի Իդլիբի և Աֆրինի իրադարձությունների պատճառով:
Այստեղ ուշագրավ են գեներալ Խաթամիի այցը և անցկացված հանդիպումների արդյունքները լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված խիստ կասկածահարույց զեկույցների շատ կողմեր:
Քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն հպանցիկ բնութագրել է Իրանի որոշակի հետաքրքրությունը հակամարտության գոտում տիրող իրավիճակի նկատմամբ. «Իրանական կողմն անհանգստանում է իր հյուսիսային սահմանի համար՝ կապված Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման հետ, որոնք այդ երկրին մեղադրում են Սիրիայում տարբեր զինված խմբավորումների աջակցության մեջ»:
Սա գեներալ Խաթամիի առաջին արտասահմանյան այցն է, կարելի էր սպասել, որ նա կարող էր մեկնել և՛ Ռուսաստան, և՛ Սիրիա, և՛ Իրաք ու Թուրքիա: Ընտրվել է Ադրբեջանը: Դա հանգեցնում է երկրորդ հարցին: Պարզվում է, որ իրանական լրատվամիջոցներում բազմիցս ընդգծվել է, որ Խաթամիի այցը ձեռնարկվել է «նրա ադրբեջանցի պաշտոնակցի հրավերով»: Այսպիսով, այդ Իրանը չէր «ինչ-որ բան ճշտում» Ադրբեջանի հետ, այլ Ադրբեջանն էր ձգտում «ինչ-որ բան ճշտել» Իրանի հետ: Եվ դրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու է Իրանի պաշտպանության նախարարը մեկնում Բաքու և ոչ թե Անկարա կամ Պակիստան, որի հետ Իրանը ծայրաստիճան լրջորեն ու լարված է այժմ երկխոսում թե՛ Աֆղանստանի, թե՛ Պակիստանի տարածքում բազավորված բելուջական ահաբեկչական խմբավորումների հարցում:
Երրորդ հարցը, Արցախի գործոնն է՝ որպես վաղուց արդեն կայացած պետական սուբյեկտի իրողության, և այն էլ Իրանին սահմանակից: Քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները նշում էին, թե Հասանովն անձամբ ինքն է հրավիրել Խաթամիին, իսկ փետրվարի 21-ին նախ Իրանի նախարարի հետ անցկացրել է «առանձնազրույց, իսկ հետո տեղի է ունեցե ընդլայնված կազմով հանդիպում», ապա, երևի, խոսելիք եղել է: Պաշտոնական լրատվությունից ադրբեջանական մեկնաբանությամբ դուրս է գալիս, որ միայն Հասանովն է ինչ-որ բան պնդել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: