Ինչպե՞ս դառնալ ավելի ատելի, քան Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը։ Դեռ մի տարի առաջ սա անհնարին մի բան էր թվում, բայց Ալթուն Ռեցեպտվիչ Հակածխախոտյանը, նույն ինքը՝ Առողջապահության տխրահռչակ նախարար Լևոն Ալթունյանը արեց անհնարինը ու նոր ռեկոդ սահմանեց ՀՀ նորագույն պատմությունում․․․

Ով տեղյակ չէ դեռ, տեղեկացնեմ, որ Կառավարության որոշմամբ կասեցվել է դեղերի պարտադիր ռեցեպտավորման մասին Ալթուն Ռեցեպտովիչի տխմարագույն որոշումը, ինչը զարմանալի չէ, քանի որ դատելով ֆեյսբուքյան լրահոսիցս, այս Ռեցեպտովիչի այս գլուխգործոցը մի քիչ էլ շարունակվեր, Հայաստանում կհասունանար նախահեղափոխական իրավիճակ։

Ու սա Ալթուն Ռեցեպտովիչի առաջին փառահեղ ֆիասկոն չէր, ոչ էլ անգամ երրորդն էր։ Ալթուն Ռեցեպտովիչը իրոք եզակի որակներ պետք է ցույց տար, որոպեսզի կարողանար մեկ տարում շրջանցել Էդուարդ Նալբանդյանին ու Հրանուշ Հակոբյանին՝ ժողովրդական հակակրանքի ցուցանիշով։ Եթե հիշում եք, հենց այս երկուսն էին զբաղեցնում առաջին երկու հորիզոնականները՝ Կարեն Կարապետյանի նշանակման նախօրեին։

Ի դեպ, քանի որ խոսքը գնաց մեր սիրելի ԿԿ-ից, ուզում եմ թեման մի քիչ զարգացնել։ Իսկ Ալթուն Ռեցեպտովիչը ունի՞ որևէ այլ արժանիք, բացի նրանից, որ ԿԿ-ի ընկերն է, որ այսքան համառորեն սրան նախարար եք պահում։ Վերջիվերջո, իրեն հարգող քաղաքական գործիչն պետք է առնվազն մի 3 անգամ հրաժարական տված լիներ Ռեցեպտովիչի փոխարեն։ Առաջին անգամը՝ երբ բացարձակ անտակտ արտահայտություններ արեց մահացած ծննդկանների մասին, հետո՝ երբ տապալեց հակածխախոտային օրինագիծը, երրորդը՝ երբ խայտառակ եղավ գարդասիլի պատմության ժամանակ ու կուսությունը կորցնող երեխաների մասին ցնդաբանություններ ասեց, հետո ոչ պակաս անհեթեթ ցնդաբանություններով փորձեց կռուտիտ լինել, իսկ հիմա էլ կատարյալ խայտառակ տապալվում է ռեցեպտավորումը՝ որոշման գործարկումից ուղիղ 5 օր հետո։

Բա պարո՛ն Կարեն Կարապետյան, կրա՞կն ենք ընկել Ձեր անհաջողակ ու անտաղանդ ընկերների ձեռքը։ Հետաքրիր է, էլ ի՞նչ պետք է անի Ձեր իսկ կողմից ձևավորած կաբինետի այս կարկառուն դեմքը, որպեսզի դուք հասկանաք, որ օպտիմալացման տակ առաջին հերթին հենց նման պատուհաս աշխատակիցներին պետք է գցել։ Թե չէ ստացվում է, որ դուք էլ բանի պետք չեք, որպես մենեջեր ու կադրային հարցերով զբաղվելու ամենալայն լիազորություններ ունեցող գործիչ։