Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված «Ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց, սակայն պետք է հստակեցնել՝ ում համար:

Նախորդ ինը տարիներին հայ-թուրքական առկախված արձանագրությունների պատմության ավարտը կնքվեց երեկ: Հայաստանի իշխանությունները կատարեցին իրենց խոստումը՝ Թուրքիայի կողմից առաջ քայլի բացակայության դեպքում գարուն մտնել առանց այդ արձանագրությունների:

Անկհայտ է, որ Ցյուրիխյան գործընթացը պատմական նշանակություն ունեցող գործընթաց էր, քանի որ այն ունեցավ իր հստակ դասերը:

Այդ գործընթացով Հայաստանն, ի վերջո, միջազգային հանրությանն ապացուցեց, որ հանուն տարածաշրջանային կայունության ու երկրների միջև 21-րդ դարին հարիր քաղաքակիրթ համագործակցության, պատրաստ է սկսել մի գործընթաց, որի արձագանքները սուր էին ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ աշխարհահայության համար: Միջազգային հանրությունը ստացավ շատ հստակ մեսիջ՝ Հայաստանը, ձգտում է վերահաստատել պատմական արդարությունը, սակայն զերծ է Ցեղասպանության կոմպլեքսից:
Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունն ականատես եղավ գործընթացի մյուս կողմի՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, որով ևս մեկ անգամ բացահայտվեց միակողմանի սահման փակողի, "զրո խնդիր հարևանների" հետ կեղծ քաղաքականության շղարշում գտնվող թուրքական ռեալպոլիտիկը:

Եվ ի վերջո, և՛ միջազգային հանրությունը, և՛ Թուրքիան հասկացան՝ Հայաստանն այն երկիրն է, որը կարող է գործընթաց թելադրել, որի իրականացման հասունությանը մեր հարևան երկրի իշխանություններն այդպես էլ չհասան: