Երուսաղեմի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թեոֆիլոս 3-րդը, Հայ առաքելական եկեղեցու Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սուրբ երկրի Քուստոս հայր Ֆրանչեսկո Փատոնը համատեղ որոշում են կայացրել՝ փետրվարի 28-ի վաղ առավոտյան վերաբացել Սուրբ Հարության տաճարի դռները:

Խնդրի կարգավորման հարցում փոխզիջումը ձեռք է բերվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջամտությամբ, ում հանձնարարությամբ ձևավորվել է հատուկ հանձնաժողով Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորությամբ: Իսկ մինչ հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացության ներկայացումն առժամանակ առկախվել է ինչպես Երուսաղեմի քաղաքապետարանի աղմկահարույց որոշումը՝ Սուրբ քաղաքում գործող ՄԱԿ-ի հաստատություններն ու կրոնական համայնքներին պատկանող կառույցները հարկելու մասին, այնպես էլ Քնեսեթ ներկայացված օրինագծի քննարկումը՝ եկեղեցապատական անշարժ գույքը պետության կողմից օտարելու վերաբերյալ:

Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթացի ժամանակահատվածում, որը նախատեսված է մինչև ս.թ. մայիս՝ Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակը, որևէ լուրջ տեղաշարժ նշված խնդրում չի արձանագրվի, իհարկե, բացառությամբ գործող ստատուս քվոյի շարունակականության հետագա երաշխավորումից: