«Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը Երևանում.
Լինում է այնպես, որ անգամ հուշարձաններն են դառնում մեր սովորական առօրյայի մի մասնիկը, և նրանց մոտով անցնելիս՝ ուղղակի արդեն չենք էլ նկատում, բայց՝ իզուր:
Գորշ տուֆից քանդակված երևանյան այս գեղեցիկ հուշաղբյուրը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ «Առագաստ» սրճարանի լճին հարող տարածքում: Հուշարձանի հեղինակները խորհրդային շրջանի տաղանդաշատ արվեստագետներն են՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը: Այն կանգնեցվել է 1965 թվականին՝ ի նշանավորումն Երևանի և իտալական Կարրարա քաղաքների բարեկամության:
Աղբյուր-հուշարձանի ամբողջական հորինվածքը խորհրդանշում է կենաց-ծառը՝ խաղողի վազի և ողկույզների պատկերով: Վերևում տեղադրված են երկու խոշոր, միաչափ, բայց տարբեր զարդանախշերով վարդյակներ, իսկ աջ վարդյակի տակ թռչնանման փերի է քանդակված: Կոթողի աջ և ձախ կողմերում կանգնած են իրար նայող խոյեր խորհրդանշող քանդակներ, որոնք ձևով հիշեցնում են Հին Ջուղայի միջնադարյան դամբարանադաշտի ավանդական խոյերի քանդակները: Խոյերը նույնպես զարդարված են հարթաքանդակներով. աջը' միայն նախշերով է ծածկված, իսկ ձախ կողմի խոյի վրա, բացի բուսանախշերից, նաև ձիավոր է քանդակված: