ԼՂՀ հարցում հայաստանյան հասարակության տեսակետները բևեռացված են, սակայն թե ազգայնական, թե լիբերալ ուժերի տեսակետների շարադրման մեջ մեծ բացթողումներ կան, որոնք ավելի կարևոր են, քան բուն տեսակետի արտահայտումը։ Ի վերջո, կարելի է լավ բան ասել, բայց շարադրել այնպիսի տոնով ու շեշտադրումներով, որ հասարակության մոտ բացասական արձագանք ստանա ու նույնն էլ հակառակ տեսակետի շարադրման պարագայում։ Խոստովանենք, որ այսօր մենք հենց այդպիսի հասարակության մեջ էլ ապրում ենք, ու ցավն այն է, որ ԼՂՀ հարցում տարբեր մոտեցումներ ունենալու ջատագովներն էլիտայի նեկայացուցիչներ են։ Ֆիքսենք, որ էլիտան նախկին ու ներկա չի լինում, լավ կամ վատ, այն ունի որոշակի ավանդույթներ ու դրանք նաև իրենց կառավարման տարիներին ժառանգում կամ յուրացնում է նաև հանրությունը։ Եվ ի՞նչ պիտի այսքանից հետո սերտի այդ հասարակությունը․ բնականաբար, միմյանց հանդեպ անհանդուրժողականություն՝ շատ ավելի վատթար պայմաններով ու երանգավորմամբ։

Հետևաբար այնպիսի զգայուն թեմայի վերաբերյալ քննարկումները, ինչպիսին ԼՂ հարցի կարգավորումն է, պետք է լինեն իրոք գաղափարական, ցիվիլ պայմաններում։ Դա բխում է բոլորի շահերից։ Պարտված ու հաղթած կողմ չպետք է լինի, քանի որ, անկախ քննարկման որակից, նախ՝ յուրաքանչյուր տեսակետ ունի գոյության իրավունք։ Դրանք բանակցությունների ընթացքում ներկայացվել են ու հիմա էլ ներկայացվում են դիվանագիտական տարբեր մանյովրներով, որտեղ միակողմանկի զիջումը բացառվել է , քանի որ հիմնական խնդիրն Արցախի հարցի լուծումն է վերջինիս կամարտահայտման միջոցով։ Արցախի հարցի լուծումը լինելու է բացառապես այդ ժողովրդի որոշմամբ, չի լինելու մի փաստաթուղթ, որտեղ չի լինի Արցախի ղեկավարության ստորագրությունը։ Այնպես որ, միմյանց վատաբանելու, խարազանելու փոխարեն այ հարցի վերաբերյալ քննարկումների մոտեցումները պետք է փոխվեն։ Սրանից հետո արդեն քաղաքական բանավեճի որակը կարող է թևակոխել որակապես այլ մակարդակ, նոր փուլ, ինչը արդեն կբխի ամբողջ հասարակության շահերից։