Իրանի պետական հեռուստատեսության 5-րդ ալիքով Ադրբեջանում Իրանի դեսպան Բոնյադ Հուսեյնովի հարցազրույցն էի նայում: Հարցազրույցի սկզբում իրանցի լրագրողը խնդրում է, որ Ադրբեջանի դեսպանը ներկայացնի իր երկիրը: Վերջինս մի պահ կարկամում է՝ հավանաբար մտածելով, թե պատմական ո՞ր շրջափուլը պետք է համարել ադրբեջանական պետության ձևավորման սկիզբը: Ի վերջո, Ադրբեջանի իրանագետ դեսպանը նշում է, թե Ադրբեջանը 26 տարի առաջ է ձեռք բերել իր անկախությունը, հետո մի փոքր համարձակություն է ձեռք բերում՝ նշելով, թե Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը ստեղծվել է 1918թ.:
Ի դեպ՝ շուրջ 50 րոպե տևած հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի դեսպանը ոչ մի բառ չի խոսում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վերաբերյալ: Չնայած երկու անգամ շահիդների և 1994թ. հրադադարի վերաբերյալ դեսպանի ակնարկներին՝ լրագրողը ուշադրություն չի դարձնում և արագ անցնում է մյուս հարցերին:
Ինչևէ, այս հարցազրույցը ցուցիչ է առ այն, որ գուցե Իլհամ Ալիևի կամ Եվրոպայում հավատարմագրված ադրբեջանցի դեսպանների ռազմատենչ հայտարարություններն ինչ-որ արձագանք ունենան եվրոպացի չինովնիկների կամ լրագրողների շրջանում, սակայն Իրանի պես երկրում, որի նկատմամբ, ի դեպ, Բաքուն ևս տարածքային նկրտումներ ունի, ադրբեջանցի դեսպանները դառնում են «ազնիվ» և «բարեպաշտ» դիվանագետներ՝ պարսկերենով փառաբանելով Իրանի հազարամյա պատմությունն ու մշակույթը: