Գաղտնիք չէ, որ պատերազմները երբեմն նպաստում են պետությունների կայացմանը: Օրինակներ շատ կան, բայց ամենատիպականը, թերևս, Իսրայելի (երբ պատերազմները կայացրեցին նրան որպես պետություն) և Ադրբեջանի (երբ պատերազմը նպաստեց նույնիսկ ազգ-էթնոսի ձևավորմանը) օրինակներն են: Իսկ Հայաստանը, որ ամբողջ պատմությունն անցավ պատերազմների մեջ, այդպես էլ չսովորեց պետականության նրբությունները:
Ադրբեջանը, որ հորինվեց կիսով չափ հայկական հողերի վրա (Փայտակարան, Ուտիք, Նախիջևան), հետագայում շարունակեց ընդլայնվել մեր տարածքների հաշվին (Արցախ), դեռ հիմա էլ շարունակում է տարածքային հավակնություններ ցուցաբերել (Երևան, Զանգեզուր, Սևան): Բարեբախտաբար, հաջողվեց Արցախի գոնե մի մասը հետ բերել: Այո, հենց մի մասը, քանի որ, երբ 1921 թ. Արցախը Ստալինի հայտնի ապօրինի որոշմամբ բռնակցվեց Ադրբեջանին, խոսքը վերաբերում էր ամբողջ Արցախին' լեռնային ու դաշտային, այլ ոչ թե հետագայում դրա մի մասի վրա ձևավորված ԼՂԻՄ-ին: Այսինքն, այն տարածքները, որն անվանում ենք ազատագրված, կամ դիվանագիտորեն' անվտանգության գոտի, իրականում այն ժամանակ բռնակցված Արցախի անքակտելի մասն են կազմում: Ու քանի որ մենք լռել ենք այնքան, որ մեր տարածքների վրա նորաստեղծ պետությունը հավակնում է մեր այլ տարածքներին, ապա վերջինիս պահվածքը շատ բնական է:
Բիհևիորիստական (վարքաբանական) տեսության առումով էլ պատկերը շատ հասկանալի է: Ադրբեջանի իշխող էլիտան ագրեսիվ է, ունի նաև ռևանշիստական հոգեբանություն, բնական է, որ մաքսիմալիզմը լինելու է առաջնային կատեգորիա: Իսկ այն դրսևորելու համար բավական է հակառակորդ պետության գործունեությունը/անգործությունը, որն էլ առաջացնում է համապատասխան ռեակցիա: Պետք է հստակ սահմանել, որ Ադրբեջանի էլիտայի նման մաքսիմալիզմը քաղաքական վարքի խնդիր է, այսինքն' ռեակցիա հայկական կողմից եկող համապատասխան ազդակներին: Որքան մենք սեղմվում ենք բանակցային առարկայի շուրջը, այնքան մեծանում են ադրբեջանական պահանջները:
Այս առումով, Ադրբեջանը հետևողականորեն կիրառում է բանակցային տեսության մեջ հայտնի տակտիկական երեք մոտեցում.
ա) "պահանջների մեծացում", որի նպատակն է առավելագույն, նույնիսկ, աբսուրդային պահանջներով հասնել նվազագույն նպատակին' "զիջելով" իր համար ոչ էական դրույթները, որը հենց ինքն էլ առաջ է քաշել,
բ) "հակառակորդի նկատմամբ սպառնալիք ու ճնշում", որի նպատակն է հետևանքների մասին զգուշացնելով, ուժի ցուցադրմամբ, բլոկադայի ենթարկելու հղմամբ զիջումներ կորզել,
գ) "անընդունելի դրույթների առաջ քաշում", եթե հակառակորդը մերժում է, հնարավորություն է բացվում նրան մեղադրելու բանակցությունները տապալելու մեջ: Նպատակն է. հասնել նրան, որ հակառակորդն այդ պահանջները հանելու դիմաց որևէ զիջում անի, և հենց որևէ զիջում արվում է, անմիջապես նոր պահանջ է առաջ քաշվում:
Բաքվի տակտիկան լիովին համահունչ է տվյալ դասական պատկերին, իսկ երբ Երևանը կառուցողականություն է խաղում, նրա դիրքորոշումն ավելի է կոշտանում: Պետք է հասկանալ, որ կառուցողականություն խաղալն այլևս չի աշխատում, հրատապ է դարձել բանակցային տակտիկան փոխելը: Մենք չգնացինք Ադրբեջանին բռնակցված մեր տարածքների պատմա-իրավական կողմը քննարկելու ճանապարհով, այլապես նա չէր փորձի այդքան վստահ հիմնվել օկուպացիա եզրույթի վրա և որևէ միլիմետր չշեղվել դրանից: Նա իրեն բավական լավ է զգում այդ տիրույթում: Ավելին, մեր փոխարեն Ադրբեջանը նախաձեռնեց տարածքների պատմաիրավական ասպեկտները քննարկելու գործը' "պատմական մեծ Ադրբեջանի" մասին միֆեր հորինելով: Իսկ քանի որ չկա հակադարձում, որ օկուպացիան հենց իր կողմից է եղել, բերելով դրա իրավական բոլոր հիմնավորումները, ավելին' նույնիսկ անուղղակի կամ ակամա ընդունելով դա, ապա, հասկանալի է, որ օկուպացիա եզրույթը հարևան երկրի իշխանության համար լավագույն կռվանն է և այնքան հուսալի է թվում, որ հնարավորություն է բացում այլ պահանջներ ու թեմաներ ասպարեզ նետել:
Նախիջևանի և բռնակցված մեր այլ տարածքների մասին անընդհատ բարձրաձայնելով' կկարողանայինք տրանսֆորմացնել առկա դիսկուրսը, բանավեճը, ինֆոպատերազմը, բանակցությունը, միևնույն ժամանակ, սահմանափակել Բաքվի հնարավորություններն ու հաղթաթղթի կիրառելիությունը: