Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկության հետ կապված նման հանգուցալուծումը կանխատեսելի էր և տեղավորվում էր միաժամանակ Իսրայելի ներքին և արտաքին քաղաքական ուղեգծի ներկա որոշ իրողությունների տրամաբանության մեջ.« Նշվածի համատեքստում նախ և առաջ հարկ է հիշել այն ժամանակահատվածը և քաղաքական իրավիճակը, երբ կրկին քաղաքական օրակարգ բերվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ դա 2017թ. դեկտեմբերի կեսերին էր՝ պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման դեմ իրականացվող արշավով, որի առանցքային դրոշակակիրը Թուրքիան էր:

 

Այդ երկրի իշխանությունները տարբեր մակարդակներում և տարբեր հարթակներում սուր քննադատության էին ենթարկում ոչ միայն ԱՄՆ-ի վարչակազմին, այլև Իսրայել պետությանն ու նրա իշխանություններին՝ բնորոշելով պետությունը որպես ահաբեկչությանն աջակցող, իսկ նրա կառավարությանը՝ խաղաղ բնակչությանը սպանող: Հենց այդ մեղադրանքների ֆոնին էլ, ինչպես թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության նախկին շրջափուլերում, քաղաքական և քարոզչական հարթություններում, որպես Անկարային համարժեք պատասխան, օգտագործվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թեմայի ակտիվացման հակաքայլը:

 

Մինչդեռ ընթացիկ տարվա հունվարի վերջից՝ հատկապես պայմանավորված Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության իրողությամբ, թուրքական իշխանությունների հակաամերիկյան հռետորաբանության մեջ թեմատիկ փոփոխություն տեղի ունեցավ. Երուսաղեմի խնդիրը փոխարինվեց Վաշինգտոնի կողմից քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքներով։

 

Կից նյութն՝ այստեղ