Թուրքական իշխանությունները հրապարակել են Աֆրինում ընթացող ռազմագործողության ընթացքում զոհված թուրք զինծառայողների տվյալները, համաձայն որի՝ հունվարի 20-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ԶՈՒ-ն, ընդհանուր առմամբ, կորցրել է 33 զինվոր և սպա:
Հրապարակված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ թուրքական կողմի մարտական կորուստների հիմնական մասը հատուկջոկատայիններ են, որոնց հնարավորություններն օգտագործվել են հարձակման ընթացում հատուկ նշանակության գործողություններ իրականացնելիս:
Վերոնշյալը հերթական անգամ փաստում է այն իրողությունը, որ Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր խմբավորումները, որոնք հանդիսանում են «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության հարձակողական հիմնական ուժը, չունեն անհրաժեշտ մարտական պատրաստություն և ունակություններ: Այս հանգամանքը ևս էական նշանակություն ունի Աֆրինում ընթացող ռազմագործողության շրջանակում թուրքամետ ուժերի արձանագրած դանդաղ առաջընթացի առումով:
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թուրքական ԶՈւ-ի վիրավորված զինծառայողների թիվը չի գերազանցում 100-ը, իսկ «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման մարտական կորուստները գնահատվում են մոտ 150-200 զինյալ: