Հավանաբար նկատած կլինեք, որ հաճախ խոսում եմ Իրանում Հայաստանը և Հայաստանում Իրանը ճանաչելի դարձնելու մասին և պնդում, որ մի շարք խնդիրներ առաջ են գալիս հենց անհրաժեշտ փոխադարձ ճանաչողության բացակայության կամ անլիարժեքության պատճառով։

Այսօր նման հերթական մի դեպք պատահեց, որի մասին որոշեցի պարզաբանում գրել նաև այստեղ, որովհետև հավանական է, որ այն կարող է իրանցիների հետ աշխատող կամ աշխատել ցանկացող շատերին հանդիպել։

Իրանական ավանդույթի և աշխարհայացքի համաձայն՝ առնվազն դեռևս Սասանյանների ժամանակներից ի վեր որևէ բարի և օգտակար գործ սկսելուց առաջ պահանջվում է անպայմանորեն հիշատակել Աստծո անունը, այդ գործը սկսել կամ անել հանուն Աստծո, գործի հաջողության համար ստանալ նաև աստվածային օժանդակություն և աջակցություն, Աստծո հովանու ներքո անխախտ պահել այդ գործի ուխտը։

Ընդ որում՝ ավանդույթն այնքան հզոր է, որ թափանցել է նաև արաբական միջավայր և արտացոլվել նույնիսկ Ղուրանում՝ արաբերենով հայտնի «Հանուն բարեգութ և ողորմած Աստծո» ձևակերպմամբ, ինչը կաղապարային գրեթե բառացի թարգմանություն է գրքային պահլավերենի (միջին պարսկերենի) նույնօրինակ բանաձևումից։

Վերը նշված ավանդույթի ուժով Իրանում մինչ այժմ էլ ընդունված է ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, նամակ կամ ելույթ սկսել «Հանուն Աստծո» ձևակերպմամբ, ինչն ամենևին չի ենթադրում այդ բանաձևման պարտադիր հայերեն թարգմանություն, եթե խոսքը երկլեզու փաստաթուղթ կազմելու մասին է և առավել ևս՝ որևէ անհանգստություն չպետք է առաջացնի այն ենթադրությամբ, որ մահմեդականության քարոզ է կամ քրիստոնեական ավանդույթին հակասող երևույթ։