Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանդես»: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):

«Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։

Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։ Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղի, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագին: Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:

Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ պահքը: