Ի տարբերություն հայ-ռուսական, կամ օրինակ հայ-ֆրանսիական մշակութային, քաղաքական կապերի, այսպես կոչված "բարեկամության" հայ-գերմանականի մասին քիչ է խոսվում (նաեւ՝ հայ-անգլիականի): Կա մի կաղապարային տեսակետ՝ արեւմտահայ մշակույթի վրա առավել ազդել է ֆրանսիականն, իսկ արեւելահայի՝ ռուսականը: Իրականաւոմ, արեւելահայկականի մասով ճիշտ կլիներ վերաձեւակերպել՝ առնվազն ավելացնելով ռուսականի կողքին գերմանական ազդեցության ուժեղ, թեկուզ կիսամոռացված ենթաշերտը: Խոսքը ոչ թե սովորական ազդեցության մասին է, այլ հիմնարար, ձեւավորող, առաջնային: Հասկանալի պատճառներով գերմանական այդ հիմնարար ազդեցության մասին քիչ է խոսվել վերջին 10-մայկաների ընքացքում՝ մեկ, որովհետեւ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր 1914-18-ին, երկրորդ՝ սովետական քարոզչության պատճառով:
Էլ չասած նրա մասին, որ այն ինչ կոչում ենք ռուսական ազդեցություն, հաճախ միջնորդավորված, երկրորդ սորտի գերմանականն է, գերմանական ենթաշերտը արդի արեւելահայ մշակույթի հիմքերի ձեւավորման վրա եղել է նաեւ անմիջական եւ հզոր: Մենակ մի քանի առավել վառ օրինակներ:
19-20-րդ դդ.-ի մեր բազմաթիվ առանցքային դեմքեր գերմանական կրթություն են ունեցել եւ գերմանական մտքի ազդեցությամբ են գործել եւ ստեղծել: Աբովյանը, Ս. Նազարյանցը, գիտնականներից՝ Աճառյանը, Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ե. Տեր-Մինասյանը, Ա. Հովհաննիսյանը եւ շատ ուրիշներ՝ յուրաքանչյուրը հիմնադիր իր ոլորտներում: Եթե ուզում եք համոզվել, օրինակ, գերմանական եւ ֆրանսիական կրթության տարբերությունների առումով թեկուզ միայն ոճի մեջ, կարող եք համեմատել, ասենք, Մանադյանին Ադոնցի հետ: Նաեւ ունեցել ենք եկեղեցական գործիչների մեջ գերմանական կրթությամբ կարեւոր դեմքեր, օրինակ, Տեր-Միքելյանին:
Բայց ոչ միայն այսքանը: Նույն երեւույթի մյուս կողմը գերմանացի գիտնականներն են, որոնք արդի հայագիտության ճյուղերի հիմնադիրներն են եղել հաճախ: Հայկական Լեռնաշխարհ եզրը, որքան հիշում եմ, գերմանացի աշխարհագրագետներն են ներմուծել (եթե սխալ հիշեմ, կներեք): Հայերենի արդի մեթոդներով ուսումնասիրման հիմնադիրը Հյուբշմանն է, հայոց պատմության քննական ուսումնասիրման սկիզբը դրել են Մարքվարտը, Գելցերը, հայ միջնադարայն ճարտարապետությունը որպես համաշխարհային կարեւուրության խնդիր ձեւակերպել է Ստրժիգովսկին եւ այլն: Ուրեմն, աշխարհագրություն, լեզու, պատմություն, ճարտարապետություն՝ ամեն տեղ արդի մոտեցման ակունքներում գերմանական անուններ (իհարկե ոչ միայն գերմանացիներն են եղել, բայց նրանց դերը շեշտված է):
Սա ընդամենւ մակերեսային ակնարկն էր շատ ավելի խորը թեմայի, որը հետո գուցե շարունակեմ: Ասածս էն էր, որ ժամանակն է վերջապես այսքան տարի անց, ազատվել սովետական քարոզչության կաղապարներից ու նորովի նայել մեր մշակույթի զարգացման վրա:
Ու այո՝ ով կռվել է Գերմանիայի համար, կռվել է Հայաստանի համար:
Հ.Գ. Ես չեմ խոսում ավելի հին բաների մասին, որոնց դերն այսօր ավելի սիմվոլիկ է: Օրինակ, էն որ Կիլիկյան թագավորությունը հռչակելիս Լեւոն Բ-ն որպես սյուզերեն ընդունում է Գերմանական ("Հռոմեական") կայսրին՝ այն նույն Ֆրիդրիխ Բարբարոսային, որի անունով կոչվել է 1941-ի ռազմական պլանը, իսկ Իսրայել Օրին մինչեւ ռուսներին ստիպված դիմելը, ազատագրական իր ծրագիրը մշակել է Գերմանիայում՝ Պֆալցի կուրֆյուրստի արքունիկում, եւ ընդհանրապես եղել է գերմանական, այլ ոչ ռուսական կողմնորաշման գործիչ, եւ նրա հետնորդներն էլ ապրել են Գերմանիայում: