Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին փետրվարի 5-ին լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման շրջանակներում, անդրադառնալով Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, Անկարային հորդորել է վերանայել իր քայլերը՝ զգուշացնելով, որ Թուրքիայի գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանն ու ահաբեկիչների աշխուժացմանը: Ի դեպ, Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը գրեթե նույնաբովանդակ զգուշացում էր արել Անկարային Թուրքիայի կողմից Աֆրինում ռազմական գործողություններ սկսելու հաջորդ իսկ օրը:


Եվ ահա, Իրանի ԱԳՆ-ի նախազգուշացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն այսօր այցելել է Թեհրան: Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ի թիվ այլ հարցերի, քննարկվել է նաև Սիրիայի հարցը: Նախատեսվում է, որ Չավուշօղլուն կհանդիպի նաև նախագահ Ռուհանիի հետ:


Հասան Ռուհանին նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անուղղակիորեն անդրադառնալով Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, նշել է, որ Իրանը դեմ է Սիրիայում արտաքին այն ուժերի ներկայությանը, որոնք գործում են առանց Սիրիայի ժողովրդի և կառավարության թույլտվության:


Վերլուծելով վերջին շրջանում իրանական կողմի նման արձագանքներն ու գործողությունները՝ կարելի է եզրակացնել, որ Սիրիայում Թուրքիայի գործողություններն արդեն հակասում են Թեհրանի շահերին և, Իրանը Սիրիայի իշխանությունների խնդրանքով Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով կարող է գործուն քայլեր իրականացնել, լինի դա քաղաքական, թե ռազմական դաշտում: Առավել ևս, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Աֆրին մուտք գործելու առաջին օրը բացատրություն էր պահանջել Անկարայի գործողությունների առնչությամբ և հայտարարել, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է խաթարվի՝ հավելելով, որ Թուրքիան պետք է պարզաբանի, որ Սիրիայի տարածքից ակնկալիք չունի: