Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ խմբավորման կողմից ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները չեն սրվի
Փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող Су-25 ռազմական ինքնաթիռը, մարտական ծառայություն իրականացնելիս, խոցվել է շրջանում բավական ազդեցիկ «Ջայշ ալ-Նասր» խմբավորման զինյալների կողմից, որը հանդիսանում է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» կառույցին անդամակցող առանցքային միավորումներից մեկը. տարածված տեղեկատվության համաձայն՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է նույն՝ ռուսական արտադրության Игла տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգի կողմից:
Հարկ է նշել, որ «Ջայշ ալ-Նասր» խմբավորումը նախկինում հովանավոևվել և զինվել է ամերիկյան ԿՀՎ-ի, իսկ վերջին 2 տարիների ընթացքում՝ թուրքական իշխանությունների կողմից, իսկ, ընդհանուր առմամբ, սիրիական ընդդիմադիր խմբավորումներին մատակարարված սպառազինությունները հիմնականում ձեռք են բերվել հյուսիս-աֆրիկյան, արևելաեվրոպական սև շուկաներից: Միջադեպի առնչությամբ փորձագիտական դաշտում առավել հաճախ է շրջանառվում այն տեսակետը, թե նշված գործողության հետևում կանգնած է Թուրքիան, և դրա հետևանքով կրկին կարող են սրվել ռուս-թուրքական հարաբերությունները: Մինչդեռ ինչպես միջադեպի, այնպես էլ դրանով պայմանավորված հետագա զարգացումների վերաբերյալ առավել առարկայական պատկեր ստանալու համար հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ մի շարք իրողությունների վրա՝
1.Ռուսական ռազմական ինքնաթիռը խոցած Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորման զինյալները բավական մեծ հեռավորության վրա հազիվ թե կարողանային պարզել, թե ում է պատկանում իրենց դիրքերի դեմ ռազմագործողություն իրականացնող կործանիչը՝ Ռուսաստանին, թե Սիրիային:
2. Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ առավել ևս Թուրքիային ձեռնտու չէ երկկողմանի հարաբերություններում նոր լարվածության առաջացումը, հատկապես այն պարագայում, երբ ներկայում Անկարան, նաև Մոսկվայի համաձայնությամբ, բավական կարևոր ռազմագործողություն է իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում: Իսկ Սիրիայի քրդաբնակ շրջանների նկատմամբ Անկարայի կողմից գործադրվող ճնշումը լրջորեն սահմանափակում է Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Վաշինգթոնի դիրքերն Արաբական հանրապետության տարածքում:
3. Սիրիայի Իդլիբ նահանգը, որտեղ գրանցվել է նշված միջադեպը, գտնվում է Թուրքիայի երաշխավորությամբ հայտարարված դե-էսկալացիոն գոտում, հետևաբար ռուսական ինքնաթիռի խոցումը հերթական անգամ հավաստում է այն իրողությունը, որ Թուրքիան չի կարողանում լիովին վերահսկել Սիրիայի նշված հատվածում գործող խմբավորումներին: Այս հանգամանքը կարող է Անկարայի համար ոչ բարենպաստ որոշ խնդիրներ առաջացնել «Աստանայի» ձևաչափին մասնակից գործընկեր պետությունների՝ ՌԴ, ԻԻՀ հետ հարաբերություններում:
4. Դատելով ռուսական կողմի արձագանքից՝ կարելի է ենթադրել, որ Մոսկվան ևս խուսափում է առերևույթ լարվածություն առաջացնել ռուս-թուրքական հարաբերություններում՝ հատկապես նման կարևոր ժամանակահատվածում: Համենայն դեպս, նման կանխատեսման հիմք է հանդիսանում միջադեպի առնչությամբ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը, որտեղ մեղադրվել է ոչ թե գործողության պատասխանատու, Թուրքիայի հովանավորյալ «Ջայշ ալ-Նասր» խմբավորումը, այլ Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Հայա Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կառույցը:
Վերոնշյալ հիմնական կանխադրությոները թույլ են տալիս պնդելու, որ մերձավորարևելյան տարածաշրջանում և սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորված իրողությունների համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների նոր սրացում ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին: