Որքանո՞վ լուրջ կարելի է ընդունել որևէ մասնագետի մտահոգությունը, եթե նա չի տարբերակում դռնփակն ու գաղտնին:
Հայտնի ու թարմ ծեծվող թեմայով այդպիսի մի գրառում աչքովս ընկավ, թե կառավարության նիստերը չպետք է գաղտնի լինեն...

 


Ու հարց է ծագում, թե նախապես հրապարակվող օրակարգային հարցերով, նախապես հրապարակվող որոշման նախագծերով, հայտարարված օրը և նշանակված վայրում տեղի ունեցող, ընդունված որոշումների մասին հաղորդագրությամբ եւ սահմանված ժամկետում հրապարակվող որոշումներով նիստը ո՞նց կարող է գաղտնի լինել կամ այդպիսին համարվել: Ո՞նց էլի:

 


Հիմա ի՞նչ մտածես: Որ գրառում արած մասնագետը չի հասկանո՞ւմ, որ իր ասած «գաղտնի»-ն անհեթեթ է հնչում: Թե՞ հասկանում է, բայց խիստ անհրաժեշտ է, որ հայ-հավար գցելու համար հենց գաղտնի ասի: Գուցե նրա հաշվարկն այն է, որ ոչ մեկը չի նկատի այդ մանիպուլյացիան: Ու ասեմ՝ հաշվարկը լավ էլ արդարացվել է: Մեծ թվով լուրջ մարդիկ դրած քննարկում են, թե կառավարության նիստերը գաղտնի են լինելու:

 


Չէ, էդպես լավ չէ: Մի հատ էլ ասեք՝ ընդհատակյա են լինելու:
Ու առհասարակ, էս հարցի շուրջ բարձրացած աղմուկից այն տպավորությունն ունեմ, որ շոուասեր հանրությունը բողոքում է, որովհետև կարող է զրկվել մի սերիալ ավելի դիտելու հնարավորությունից: Ընդամենը:
Առայժմ: Իսկ դռնփակի թեմայով կարծիքս հետո առանձին կարտահայտեմ: