Սիրիայի տարածքում քրդական զորաջոկատների դեմ Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» գործողությունը մեծ խանդավառություն էր առաջացրել ոչ այնքան Թուրքիայում, որտեղ եղան նաև այդ համատեքստում Էրդողանին քննադատողներ և ձերբակալվողներ, որքան Ադրբեջանում։

Նախ Ադրբեջանի ողջ պետական քարոզչամեքենան լծվեց Թուրքիայի գործողությունների պաշտպանությանը՝ կրկնելով դրանց «հակաահաբեկչական բնույթ» ունենալու թուրքական կողմի տված որակավորումները, ապա՝ «ձիթենու ճյուղից» «ադրբեջանական պատվաստ» ստանալու անհրաժեշտության մասին դիսկուրսի ձևավորմանը։

Ամեն օր ԱՀ քաղաքական գործիչներն ու փորձագետները թունդ ելույթներ էին ունենում ու հայտարարում, որ «Ձիթենու ճյուղը» պետք է դիտարկել՝ որպես նախադեպ՝ նույնը Արցախում իրականացնելու համար։

Բանը հասավ այնտեղ, որ պարտադրական հարցազրույցների ու քաղաքական հայտարարությունների տեսքով նմանատիպ ձևակերպումներ «կորզվեցին» նաև ընդդիմադիր հորջորջված կուսակցությունների ղեկավարներից։

Սակայն, երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ թեկուզ այլ համատեքստում շեշտած այն միտքը, որ Սիրիայի և Ղարաբաղի հակամարտությունները բացարձակ տարբեր են, և անտեղի են այս հակամարտությունները մեկը մյուսի հետ խառնելու փորձերը, ստիպեց ադրբեջանցիներին վերագնահատել իրենց «գտածոյի արժեքը»։

Արդյունքում, արդեն այսօր ադրբեջանական քարոզչամեքենայի «ռազմական թևի» ներկայացուցիչները՝ ռազմական փորձագետներ կոչվող պահեստազորի գնդապետները, սկսեցին կատարել մինչ այդ առաջ քաշված թեզին հակասող և տրամագծորեն դրա ճիշտ հակառակ բևեռը ներկայացնող հայտարարություններ՝ նշելով, որ ռազմական գործողությունները վերսկսելը Ադրբեջանի իրավունքն է և կարիք չկա որևէ գործողություն դիտարկել որպես օրինակ կամ նախադեպ։

#ադրբեջանական_զեյթուն