Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունը, ինչը բացասաբար է ազդում արտաքինի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը: Սակայն խանութներում վաճառվող բազմաթիվ կոսմետիկ միջոցները հարուստ են տարբեր քիմիական նյութերով, ինչն էլ ավելի է վատացնում մաշկի վիճակը: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ դիմակ, որը կօգնի պահպանել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը, ինչպես նաև կմաքրի և կսնուցի այն:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ մեղր,
· 1 հատ հավկիթ,
· ½ բանան,
· 3 ճաշի գդալ վարսակ, մի փոքր յոգուրտ:
Պատրաստման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է նախ տրորել բանանը, այնուհետև ավելացնել հավկիթը, մեղրը, վարսակն ու յոգուրտը և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Օգտագործման եղանակը.
Մինչ դիմակն օգտագործելը հարկավոր է դեմքը լավ լվանալ ու չորացնել, այնուհետև քսել ստացված զանգվածը մաշկին, թողնել 10-15 րոպե և լվացվել: Այս դիմակը կարելի է օգտագործել ամեն օր, քանի որ այն չի պարունակում քիմիական տարրեր և հարմար է մաշկի ցանկացած տեսակի համար:
Մեղրը խոնավեցնում է մաշկը, իսկ յոգուրտի մեջ պարունակվող կաթնաթթուն ու վարսակի ալյուրը արդյունավետ կերպով մաքրում են այն: Բացի այդ, բանանը հիանալի միջոց է կնճիռների դեմ պայքարելու համար և պարունակում է մաշկի համար շատ օգտակար սննդարար նյութեր:
Սակայն հարկ է հիշել, որ այս դիմակը կիրառելու դեպքում հարկավոր է համբերատար լինել և պարբերաբար կրկնել այս պրոցեդուրան, քանի որ արդյունքը նկատելի կլինի միայն որոշ ժամանակ անց: