Երեկ ֆեյսբուքը հիմնականում ռազմահայրենասիրական բարի պաթոսի մեջ էր ու զարմանալի կլիներ, եթե ամենատարբեր պացիֆիստներ, իրավապաշտպանիստներ, ակծիվիստներ ու այլ -իստեր չփորձեին հարամություն անել։ Էլ ավելի տարօրինակ կլիներ, եթե այդ հարամությանը միացվող մոլորյալներ չլինեին, որոնց -իստերից կարելի է դասել զարգացիստների/ազատամիտիստների շարքին։ Սակայն մի պահ թողնենք այս բոլոր -իստերին մի կողմի վրա ու կենտրոնանանք բուն պաստառի վրա։

 

Եթե կարճ կոնկրետ՝ պատկերավոր փորձել են ցույց տալ, որ հայրենասիրությունը/միլիտարիզմը պետք է սերմանել մանկուց։ Կարելի է երկար քննարկել պաստառի կատարման որակը, դիզայներական լուծումները և այլ զռթիկներ, բայց սկզբունքորեն չեմ հասկանում, թե ի՞նչ վատ բան կա նման պաստառներ ունենալու հարցում, եթե դու ապրում ես մի երկրում, որ շուրջ 30 տարի պատերազմի մեջ է 4 հարևաններից մեկի հետ (ու առնվազն մի այդքան էլ կլինի), ոչնչացման պերմանենտ վտանգի տակ է մյուս հարևանի կողմից և պատմականորեն գտնվում է մոլորակի ամենաբարդ ու տուրբուլենտ տարածաշրջաններից մեկում։

 

Այո՛, սա քարոզչություն է ու միլիտարիզմի քարոզչություն է։ Այո՛, իդեալական աշխարհում լավ կլիներ, որ ոչ միայն հայերս, այլև ոչ մի ազգ կարիք չունենար բանակներ պահելու ու միլիտարիզմ քարոզելու, բայց մենք իդեալական աշխարհում չենք։ Անգամ հարաբերականորեն անվտանգ աշխարհում չենք։ Մենք պատերազմական դրության մեջ ապրող երկրում ենք։ Եվ այսպես, ի՞նչ եզակի բան կա նման պաստառներում ու նման քարոզչությունում։ Գուցե միայն Հայաստանո՞ւմ է։

 

Ամենևին։ Ձեզ թվում է նույն Իսրայելում պացիֆիզմի քարո՞զն է դոմինանտ։ Ո՛չ, Իսրայելում պացիֆիզմի քարոզ անողներին չեն սիրում, իսկ երբեմն էլ մահակներով ցրում են դրանց ցույցերը։ Գուցե ԱՄՆ-ո՞ւմ ռազմահայրենասիրական ու միլիտարիստական քարոզ չկա։ Լո՞ւրջ, իսկ դուք դիտե՞լ եք ամերիկյան ֆիլմեր։ Ամեն երրորդ ամերիկյան բլոքբասթեր քաջ ամերիկացի զինվորի մասին է։ Ընդ որում, այս ֆակտուրան այնքան են ծամել, որ էլ ռեալ պետությունները, որպես քաջ ամերիկացի զինվորի անտոգոնիստ ակտուալ չեն, հիմա էլ քաջ ամերիկացի զինվորները փրկում են աշխարհը այլմոլորակայիններից, մուտանտներից ու հենց բնությունից։

 

Դե իհարկե, մեր -իստերին կարող է թվալ, որ ԱՄՆ-ը, Իսրայելը ու միլիտարիզմի քարոզչությունից բնավ չխորշող այլ պետություններում չկան, որպես կանոն բավականին անխնամ մորուքներով պարուրված, լուսավոր ուղեղներ, ինչպիսին իրենք են, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Կան ու շատ ավելի շատ են։ Ավելին, -իստերից նրանք, ովքեր ոչ այնքան գաղափարի, այլ հանուն գրանտերի են վայ-վույ անում այս թեմայով, իրենց գրանտերը ստանում են այդ թվում նույն այն հիմնադրամներից ու անհատներից, որոնք ուղղակի ու անուղղաիի կապված են նույն ԱՄՆ-ի հետ․․․

 

Ամփոփեմ թերևս․ կա հին ու իմաստուն միտք՝ խաղաղություն ես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերամի։ Իսկական պացիֆիստը ու խաղաղություն ուզողը անխնամ թրաշով պարուրված լուսավոր ուղեղները չեն, այլ առաջին հերթին զինվորական համազգեստ կրողն է ու նրա ընտանիքը։ Երեխային էլ մանկուց կարելի է ու պետք է դաստիարակել, քաջ, հայրենասեր ու լավ քաղաքացի, որովհետև վաղը-մյուս օր, մանկուց այդպես դաստիարակվածը շատ ավելի մեծ շանսեր ունի փափագված խաղաղությունը պաշտպանելու, իսկ պատերազմի դեպքում՝ ողջ մնալու, քան հիփսթերոտ -իստը։ Ու այսօրինակ պաստառները ոչնչով չեն խանգարում դրան, այլ միայն նպաստում են։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան