Այս տարի նշվում է Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանը: Կարծում ենք, կարևոր է նշել, որ Հայկական բանակը ստեղծվել և կայացել է դեռևս մեկ դար առաջ, իսկ անկախ Հայաստանի առաջին ռազմական նախարարն է հանդիսացել գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանը, որը պաշտոնավարել է 1918-ի հունիսից՝ մինչև 1919-ի մարտը:

 

Հախվերդյանը (Ախվերդով) սերում էր Սանկտ Պետերբուրգի հայկական ազնվական ընտանիքից, նրա ծնողներն էին պետական խորհրդատու Բարսեղ Հախվերդյանը և Նինա Տեր-Միքելյանը: Հովհաննես Հախվերդյանը ցարական բանակի կադրային սպա էր, ինչպես և նրա Գաբրիել ու Գևորգ եղբայրները: Անցնելով 1-ին աշխարհամարտի հորձանուտով, 1915-ին, 42 տարեկանում, Հախվերդյանը ստանում է գեներալ-մայորի կոչում: 1917-ի վերջին տեղափոխվում է Հայաստան, իսկ 1918-ի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում ստանձնում է ռազմական նախարարի պաշտոնը, կարևոր դեր խաղալով 1918-ի դեկտեմբերին բռնկված հայ-վրացական պատերազմում։ Արդեն անկախ Հայաստանում նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում:

 

1919-ի մարտին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո լքում է նախարարի պաշտոնը՝ զբաղեցնելով բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ 1919-ի նոյեմբերին բանակի ազգայնականացման գործընթացի ու հայերենը բանակում որպես միակ գործածվող լեզու սահմանելու արդյունքում Հախվերդյանը հրաժարական է տալիս: 1920-ի բոլշևիկների մայիսյան հեղաշրջման փորձից հետո՝ Համո Օհանջանյանի կառավարության օրոք դառնում է ռազմական նախարարի տեղակալ։

 

Հայաստանի Հանրապետության անկումից հետո, 1921-ի սկզբին, շուրջ 1500 հայ սպաների հետ միասին ձերբակալվում է բոլշևիկների կողմից և աքսորվում Ռյազան: Հայտնի, որ Հախվերդյանին այնուհետև հաջողվում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա սկսում է աշխատել որպես հաշվապահ: Սակայն 1930-ի դեկտեմբերիին կրկին ձերբակալվում է ստալինյան ռեժիմի կողմից ՝ այսպես կոչված «Весна»-ի գործով, և 1931-ի ապրիլին հազարից ավելի նախկին ցարական բանակի սպաների հետ միասին գնդահարվում է՝ «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման» անդամ լինելու անհեթեթ դատավճռի հիման վրա: