ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Սեյրան Օհանյանը գրել է.

 

 

Հպարտորեն արտաբերվող այս երկու բառերի մեջ ամփոփված է մեր համազգային երազանքը, ամենաթանկը, ամենանվիրականը և սրբազանը աշխարհասփյուռ ամեն հայի, Հայաստանն ու Արցախը իրենց հայրենիք ընտրած բոլոր-բոլոր ազգությունների համար՝


մեր ամբողջ պատմության ընթացքում դարերով մեզ փոխանցված տառապանքով ու պայքարով ձեռք բերված անկոտրում կամքը, բոլոր ժամանակների կռիվներում-մարտերում ունեցած ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն ու փորձը,

մեր նորօրյա պատմության՝ ազատ, անկախ Հայրենիք ձևավորող և մեկ միասնական բռունցք դարձած նվիրյալ մտավորականների ու կամավորականների սկսած գաղափարական շարժումը,

Արցախյան ազատամարտում պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած ազատամարտիկների, երկրապահների, կադրային զինվորականների, մեր զոհված, անհայտ կորած, վիրավոր ընկերների քաջագործությունների ու թափված արյամբ տարած հաղթանակը,

պաշտպանական երիտասարդ կառույցը կայացնող և հիմա էլ շարունակական հզորացնող, մեր նախնիների սխրագործություններով տոգորված, ժամանակակից միջազգային զինվորական փորձը լավագույն կերպով սերտած և հմուտ հնարքներով, վարպետորեն անընդհատ ապացուցող, կուրծքը վահան դարձրած՝ սրբազան հողը անառիկ պահող այսօրվա հրամանատարներն ու զինվորները,

աշխարհաքաղաքական, տարածաշրջանային այս զարգացումների, հնարավորությունների անհավասարության պայմաններում դեպի մեզ ուղղված արտաքին և ներքին ամենատարբեր սպառնալիքներից գոտեպնդվող մեր հերոսացած ժողովրդի անտրտունջ մաքառումը:

Երախտապարտ ու շնորհակալ լինելով՝ ես մինչև գետին՝ մեր սուրբ մայր հողը, խոնարհվում եմ բոլորի՝ մարտերով անցած իմ եղբայրների, հատկապես վիրավոր, կյանքը զոհած մեր հերոսների հիշատակի ու նրանց հարազատների, իմ շատ սիրելի ծառայակից ընկերների՝ գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, քաղաքացիականների առջև և ևս մեկ անգամ վստահեցնում, որ ես ձեզ հետ եմ, խրամատներում արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին: 

Մեր միասնությունն է մեզ զորեղ դարձրել և հաջողություններ բերել:

Եվ ես, ինչպես մեր ողջ ժողովուրդը, վստահ եմ, որ մեր միասնությամբ ու գաղափարական համոզմունքների կայունությամբ և որոշումների ընդունման վճռականությամբ ու գործողությունների արագությամբ նորանոր հաղթանակներ ենք ունենալու:

Փա'ռք մեր ժողովրդին և նրա Հաղթանակած բանակին: