Ելույթ ԵԽԽՎ-ում՝ Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին և 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցութան ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին:

Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ,

Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ և ժողովրդավարական մի աննախադեպ համախմբում խորհուրդների հսկայական կայսրության հարավային սահմանին: Բալթյան երկրների անկախության շարժումների, լեհական <<Սոլիդարնոստ>>-ի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ծավալվող համանման ժողովրդավարական ընդվզումների հետ միասին, Ղարաբաղյան շարժումը և Խորհուրդների անընդունակությունը՝ որևէ տրամաբանական արձագանք տալու ծավալվող ժողովրդավարացման ալիքին, եկան ցնցելու Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի բուն հիմքերը՝ ի վերջո, 1991 թ. վերջում, հանգեցնելով Խորհրդային միության փլուզմանը:

Պատմական այս իրադարձության հոբելյանին ընդառաջ ոչ միայն պատմաբանների, այլ նաև քաղաքական գործիչների համար օգտակար կլիներ հետադարձ հայացք նետել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին համաշխարհային մամուլում և քաղաքական հաստատություններում առկա ժողովրդավարական այդ համախմբման շուրջ եղած արձագանքներին: Պատմության վկայակոչումը օգտակար է ոչ միայն փաստերը մեկտեղելու, երբ քննարկվում է առկա հիմնախնդրի համապարփակ կարգավորման հնարավորությունը, բայց նաև այդ ժամանակաշրջանի շունչը զգալու տեսանկյունից: Այն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով պատմության զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաև սեփական անցյալը, իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը «վերագտնելու» ջանքերը, իբրև ազգային ինքնության կերտման շարունակվող գործընթացի մի բաղադրիչ, գործընթաց, որը, ցավոք սրտի, խարսխվում է հակահայկական ատելության պլատֆորմի վրա:

Ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել եմ, երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր:

Այսպես՝ Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը «Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին»: Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձևում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. «Այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես՝ 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման»: 1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձևում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ «անմիջապես վերջ դնել Հայաստանի շրջափակմանը: 1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. «Միացալ Նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանութունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը և ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների և Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձևեր, ինչպես նաև համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:

Ուրախությամբ և երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաև այսօր, վստահաբար շարունակվելու է նաև վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի և խորացող խավարի: