Ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունն ու անձնապես Լևոն Ալթունյանը հեկտարներով թուք-ու-մրի արժանացավ՝ հակածխախոտային օրենսդրական նախագծի անոնսից հետո։ Փաստորեն՝ չխերվեցին ու ոչ մի հետևություն չարեցին։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ, որով ի թիվս այլ բաների, պատրաստվում են արգելել ծխել, մեջբերում եմ,
- հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ),
- hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),
- բազմաբնակարան շենքների վերելակներում եւ ընդհանուր օգտագործման տարածքներում,
- խաղատներում, առեւտրի եւ զվարճանքի օբյեկտներում:
Ու եթե մնացած կետերի հետ, ըստ էության, ոչ մի առարկություն չունեմ, ապա ես կատեգորիկ չեմ կարողանում հասկանալ, թե Լևոն Ալթունյանի ու ԱՆ-ի ցանկացած չինովնիկի ինչ գործն է, թե ծխել թույլատորող սրճարանում, հյուրանոցի իմ համարում (եթե այնտեղ թույլատրվում է), մեր բազմաբնակարան շենքի մեր հարկի բալկոնում ես կծխե՞մ, թե՞ ոչ։
Մեռանք բացատրելով, որ ծխախոտի դեմ արշավի կոնտեքստում դրակոնյան օրենքների կիրառությունը դեռ ոչ մի լավ բանի չեն բերել։ Մեռանք բացատրելով, որ ամեն իրենց բերած միջազգային փորձի դիմաց, կարող ենք բերել այլ փորձ, երբ նման քայլերի չեն գնացել, կամ էլ՝ գնալուց հետո հրաժարվել են։ Բայց Ալթունայնն ու յուր հիմնարկն անդրդվելի են։ Սակայն պետք չէ մտածել, որ իրենց փորացավը իմ ու ձեր առողջությունն է։ Փորացավը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ֆիլիպ Մորրսի հետ ձեռք բերված համաձայնությամբ, որի արդյունքում ՀՀ ԱՆ, փաստորեն, հանձն է առել նպաստավոր պայմաններ ստեղծել ընկերության պրոդուկցիայի համար, որը ոչ թե թութունի այրմամբ, այլ թութունի տաքացմամբ է աշխատում և առավել հայտնի է սպառողին որպես «այքոս»։ Այո-այո, սիրելի համերկրացիներ, Ալթունյանն ու Առողջապահության նախարորությունը, ըստ երևույթին, համարում են, որ այքոսներից ոչ մի վնաս չկա, իսկ այ ծխախոտի գլանակները՝ այ-այ-այ, որովհետև այս արգելքները չեն տարածվելու այքոսների վրա։
Ու բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են բարոյախրատական ճառեր կարդալ, թե իրականում ինչ լավ օրենք է սա, թող նախ հիշեն այքոսների մասով արգելքի բացակայության մասին, իսկ հետո մի քիչ էլ մտածեն, որ սահմանվելիք տուգանքը ավելի բարձր պետք է լինի, քան օրինակ՝ հարբած ղեկին նստելու դեպքում։ Փաստորեն, ծխելը ավելի մեծ հանրային վտանգ ունի, քան պոտենցիալ մահափորձը․․․
Ղալլաթ եք արել, թե կկարողանաք այս օրենքն անցկացնել, որքան էլ Ֆիլիպ Մորրիսից փող քերած լինեք դրա համար։
Կոնստանտին Տեր-Նակալյան