Երեկ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ունեցավ իր հազվագյուտ լավագույն ելույթներից մեկը։ Հանրային խոսք ասելու գործում, իհարկե, վերջինիս ոչ մի կերպ լավագույն հռետորների ցուցակում ընդգրկել չենք կարող, սակայն երեկ Սարգսյանն ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հետ հարցուպատասխանի ընթացքում պարզապես զարմացրեց։
Ոչ թե այն իմաստով, որ չգիտեինք, որ նա կարող է այդպես խոսել, այլ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային բանավեճ տանելու կողմնակիցներից չէ և եթե ունենար հնարավորություն, դրանից էլ կխուսափեր։ Սակայն երեկ նա Խոջալուի ջարդերի վերաբերյալ բավականին հավասարակշռված պատասխան տվեց, ընդ որում՝ հայաստանյան հանրությանը, հատկապես իշխանական մասին դուր է եկել նաև ԼՂՀ հարցի հետ կապված Սարգսյանի սպառիչ պատասխանը։ Այնտեղ շատ ավելի կարևոր շեշտադրումներ կային, որոնք հաստատապես այս պահին հանրային վարկանիշ բերեցին նախագահին, որի կարիքը նա միշտ ունեցել է սկսած իր նախագահության տարիներից։ Սարգսյանը շատ գեղեցիկ մատուցեց կոնֆլիկտի էությունը, դրա սկզբնավորումն ու էվոլյուցիան ու բոլոր դափնիներն իրեն չվերագրեց, ինչպես շատ հաճախ փորձում են անել Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներ։
Ըստ արժանվույն մատուցելով նախկին իշխանություններին ԼՂՀ հարցում միջագային բոլոր պարտավորությունները հետևողականորեն կատարելու մեջ՝ Սարգսյանն իրեն համարեց հայ ժողովրդի պատմության փառահեղ էջի միայն մի մասնիկը։ Սա շատ բան է խոսում քաղաքական գործչի մասին, ու թեպետ մի ելույթով Սերժ Սարգսյանը չդարձավ թափանցիկ քաղաքական գործիչ կամ քավեց իր բոլոր մեղքերը, բայց գոնե հայ հանրության համար պարզ դարձավ, որ քաղաքականության մասին ընկալումները Սարգսյանի պարագայում սուբյկետիվ չեն միայն, այլ բազում համընդհանուր շրջանակներ են ընդգրկում։