Երկու տասնյակ տարուց ավելի է, ինչ ամերիկուհի Ջենի Ջոզեֆը ծննդարանում աշխատում է որպես բուժքույր։ Այդ տարիների ընթացքում նա բազմաթիվ անհավանական դեպքերի է ականատես եղել, սակայն այս պատմությունը նա երբեք չի մոռանում։
14 տարի առաջ, երբ Ջենին սովորականի պես հերթապահության էր, միջանցքում մի լացող դեռահաս տղայի նկատեց՝ ձեռքին կոշիկի տուփ։ Տղան շփոթված էր, հեկեկում էր ու անօգնական վիճակում էր։ Երբ Ջենին վերցրեց նրա ձեռքի կոշիկի տուփն ու բացեց, ուղղակի ապշեց. դրանում տիկնիկի շորերով նորածին երեխա էր՝ փաթաթված խոհանոցային սրբիչի մեջ։ Նա այդ պահին հազիվ կարողացավ կառավարել իրեն, որպեսզի չուշաթափվի։
Երեխային անմիջապես տեղափոխեցին հիվանդասենյակ։ Երեք ժամ անց երեխայի վիճակը կայունացել էր։ Նա կշռում էր ընդամենը 1 կիլոգրամ 360 գրամ։ Այդ ողջ ընթացքում դեռահաս տղան միջանցքում շարունակում էր անդադար լացել։ Բժիշկները շտապեցին խոսել նաև տղայի հետ՝ հասկանալու ողջ եղելությունը։ Տղան բուժքրոջը պատմեց, որ ինքը երեխայի հայրն է, իսկ մայրը ևս 15 տարեկան դեռահաս է։ Նրանք երկուսն էլ ցանկանում էին հրաժարվել երեխայից, սակայն Ջենին ասաց, որ եթե հրաժարվեն երեխայից, ապա կզրկվեն ծնողական իրավունքներից, ուստի ինքը չի կարող նրանց ասել՝ ինչպես է երեխան, արդյոք վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ և այլն։
Իրականում պատմությունն այսպիսին էր. երեխայի մայրը՝ Չերիշը, ինչպես նաև հայրը դպրոցականներ էին։ Չերիշը, վախենալով ծնողներից ու հասարակությունից, միշտ խնամքով թաքցրել էր իր հղիությունը, իսկ երբ զգացել էր, որ ծննդաբերում է, փակվել էր իր սենյակում և կանչել իր ընկերոջը՝ երեխայի հորը, ով պատուհանով թաքուն էր ներս մտել։ Տնային պայմաններում ծննդաբերելուց հետո նրանք նորածնին դրել էին կոշիկի տուփի մեջ՝ թողնելով հետևյալ գրությունը. «Մենք շատ ենք սիրում քեզ, պարզապես չենք կարող պահել ու մեծացնել։ Ուզում ենք, որ քո անունը լինի Ալեն Քորի, ու հույս ունենք՝ մի օր քեզ կրկին կտեսնենք։ Աստծո աչքը թող միշտ քեզ վրա լինի»։
Տուփի մեջ երեխան ձեռքին՝ տղան մոտավորապես 12կմ ոտքով քայլել էր։ Բարեբախտաբար, երեխային ոչինչ չէր պատահել։ Չնայած նա 6 շաբաթ շուտ էր ծնվել, կարողանում էր ինքնուրույն շնչել։ Նաև նրա պորտալարն էր վնասվել տանը հասարակ մկրատով կտրելու պատճառով։
Չնայած Չերիշը վախենում էր իր մորն ասել ծննդաբերության մասին, ով, ի դեպ, նույնպես 15 տարեկանում էր երեխա ունեցել, Ջենիի հետ երկար զրույցներից հետո նա համարձակություն հավաքեց ու ասաց այդ մասին իր մորն ու ընտանիքի մյուս անդամներին։ Հակառակ սպասվածի՝ լուրը դրական ընդունվեց։
14 տարի է անցել այդ օրվանից, իսկ Ջենին ու Չերիշը կապը կորցրել էին։ Սակայն մի օր՝ 2016 թվականին, Չերիշին հաջողվեց գտնել Ջենիի ֆեյսբուքյան էջն ու նամակ ուղարկեց նրան։ Պարզվում է՝ դպրոցն ավարտելուց հետո Չերիշը, երեխան ու իր ամուսինը տեղափոխվել են Իլինոյս նահանգ, ուր Չերիշը համալսարան է գնացել, ստացել բուժքրոջ որակավորում, իսկ հիմա էլ ցանկանում է իրավաբան դառնալ։
Ահա նաև կոշիկի տուփի մեջ 12կմ ճանապարհ անցած երեխան՝ Ալենը, ով այժմ շատ բարձրահասակ է ու սիրում է բասկետբոլով զբաղվել։ Չերիշը մինչ այսօր շնորհակալ է Ջենիին՝ երեխայից հրաժարվելու մտքից իրեն հետ պահելու համար։