Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ հաջորդ նախագահի թեկնածությունն ինձ դուր չի գալիս։ Մինչև երեկ ես նեյտրալ էի, քանի որ համարում եմ, որ ապրիլից հետո ՀՀ նախագահի պաշտոնը դառնում է արարողակարգային ու սիմվոլիկ բան, սակայն երեկ երեկոյան ու արդեն այսօր մամուլում տեսա մի քանի ազդանշաններ, որոնք խիստ տհաճ էին։

Այդ ազդանշանները խտացված տեսքով առկա են Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի գովք-փառաբանական հարցազրույցում։ Երկու դրվագ հատկապես ուժեղ աչքս ծակեց։ Նախ, որ հպարտությամբ հայտարարվեց, որ իրենց զավակները համարում են, որ իրենք բրիտանացի են, բայց հպարտանում են իրենց հայկական արմատներով, իսկ մյուսը, երբ տիկին Սարգսյանը նոստալգիայով հիշում էր, թե ինչպես է առաջին հայացքից սիրահարվել Լոնդոնին ու երազել, որ մինչև կյանքի վերջ այնտեղ պետք է ապրեն։

Նախագահի պաշտոնը, ինչպես արդեն նշեցի, խիստ արարողակարգային ու խիստ սիմվոլիկ է դառնում։ Ու հենց այդ սիմվոլիզմի համատեքստում էլ շատ տհաճ նստվածք է մոտս առաջանում, երբ հասկանում եմ, որ ԻՄ պետության սիմվոլի երեխաներն իրենց չեն նույնականացնում ինձ հետ, ԻՄ պետությունը չեն համարում իրենցը, այլ լավագույն դեպքում՝ պատմական հայրենիք։ Ինձ նյարդայնացնում ու նյարդայնացնելու է, որ նոր առաջին տիկինը երազում է ապրել ոչ թե Երևանում, այլ՝ Լոնդոնում։ Եվ առհասարակ, այս գովաբանական-քարոզչական արշավից օտարապաշտության ուժեղ հոտ է գալիս։

Անկասկած է, որ Արմեն Սարգսյանն ու իր ընտանիքն իրավունք ունեն ապրել որտեղ ուզում են և սիրել այն երկիրը, որը սիրում են՝ որպես անհատներ ու մարդ տեսակ, բայց աներկբա է, որ ընտրվելու դեպքում նրանք չեն հավակնում անհատի ու մարդ տեսակի հանրային դիրքերի, այլ թեկուզ խորհրդանշական, բայց խիստ խորհրդանշական պաշտոնների։ Ու ՀՀ Նախագահն ու իր ընտանիքը, եթե անգամ զգում են վերոգրյալը, ապա գոնե այնքան քաղաքական տակտ պետք է ունենան, որ չմատնանշեն այն պարզ փաստը, որ Իրենք ու Մենք ինքնանույնականացման լրիվ տարբեր կոորդինատային համակարգերում ենք ապրում։