Ոչ մի նշանակություն չունի, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը։ Ոչ մի նշանակություն չունի, թե ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, ԵՏ-ում, թե ԲՏ-ում՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, թե ՈՒգանդայի հետ․․․ Կյանքը շարունակվելու է այնպես, ինչպես եղել է վերջին քսանվեց տարիների ընթացքում, ինչպես ապրել ենք չորս հազար տարի շարունակ։
Տոլստոյի միտքն է, որ շատերին թվում է, թե Նապոլեոնի կամքն էր Ռուսաստանի վրա հարձակվելու միակ որոշիչ գործոնը, սակայն իրականում դրան ձգտում էին բոլորը, նաև այն վեց հարյուր հազար զինվորները, որոնք փառասեր կայսրի առաջնորդությամբ ներխուժեցին Ռուսաստան․․․ և որոնցից այդ երկրից կենդանի դուրս փախան միայն երեսուն հազարը․․․
Այդպես է նաև մեր երկրում այսօր․ հասարակության մեծ մասը, որոնք կուսակցականներ են, պաշտոնյաներ, գործարարներ, սրանց մտերիմներ, ազգականներ, տարբեր կարգի գործակիցներ․․․ ցանկանում է և ամեն ինչ անում է, որ իշխանությունները վերարտադրվեն․․․ և իշխանությունները բնականաբար, վերարտադրվելու են․․․ և կյանքը շարունակվելու է ճիշտ այնպես, ինչպես եղել է միշտ, ինչպես եղել է անցյալում․․․
Մնացածը պարապ, թոշակի անցած մարդկանց համար ժամանակը լավագույն ձևով անցկացնելու ձև է՝ լինի դա ՖԲ-ում, փողոցում, տանը թե մի այլ տեղ․․․