ՀՀ նախագահի պաշտոնում այսօր ամենայն հավանականությամբ կհաստատվի Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ արած առաջարկը, որից հետո էլ արդեն Ազգային ժողովում այն կդրվի քվեարկության։ Հիշեցնենք, որ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Եվ այսպես՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանը, և ինչո՞ւ գործող նախագահը մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նոր նախագահը չպետք է լինի կուսակցական, պետք է տիրապետի լեզուների, լայն շփումներ ունենա արտերկրում ու ընկալելի լինի բոլորի կողմից։ Սրանք հատկանիշներ են, որոնք, անկախ նախագահի անձից, բուն ինստիտուտի համար կարևոր ու գովելի ցուցիչներ են։ Պարտադիր չեն, բայց ցանկալի են։
Հենց Սարգսյանի պարագայում թեկուզ․ նա օտար լեզուներից տիրապետում է միայն ռուսերենին, այն էլ՝ որոշ վերապահումներով, արտաքին աշխարհը նրան ճանաչում է միայն ի պաշտոնե, դե իսկ երկրի ներսում Սարգսյանը ուժեղ ֆիգուր է միայն յուրայինների համար։ Արմեն Սարգսյանը քաղաքականությունից տեղյակ մարդ է։ Դրանում մենք կհամոզվենք, երբ ստանձնի իր պաշտոնը։
Դժվար է առայժմ ասել, թե կոնկրետ ինչ քայլերով, բայց նա ազդեցություն ունենալու է, որովհետև դեռևս 90-ական թվականներից այս կամ այն չափով ներգրավված է եղել Հայաստանի քաղաքական կյանքին, հասցրել է նույնիսկ երեք ամսով դառնալ վարչապետ։ Իշխանության՝ մեզ հայտնի մարմինների կողմից նրան արտաքսելն իսկապես օգտակար եղավ Սարգսյանի համար, ով այս պահին բիզնես աշխարհում բավականին մեծ ճանաչում ունի ու ռուսական, արևմտյան շուկաների հետ ակտիվ բիզնես համագործակցության մեջ է թեթև արդյունաբերության ու էներգետիկ ոլորտներում։ Հաշվի առնելով վերջերս ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը՝ այս նշանակումն իսկապես կարող է ռեալ քայլ լինել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համար։
Կարող ենք ենթադրել նաև, որ Սարգսյանը նախագայի պաշտոնում կշարունակի կատարել «դեսպանական առաքելություն», իսկ աշխատանքի բնույթն ավելի մոտ կլինի արտաքին գործերի նախարարի գործառույթներին։ Առաջիկա տարիներին արտաքին աշխարհի հետ Հայաստանի շփումները պետք է դառնան ավելի ինտենսիվ, և այս նշանակումը կարող է նպաստել այդ շփման որակի բարձրացմանը։