Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը Վատիկանում պատմական հանդիպում է ունենալու Հռոմի պապի հետ: Հանդիպումը պատմական է, որովհետև Էրդողանի սպասվող այցն անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է լինելու Վատիկան:
Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտելու է, որ Երուսաղեմում խաղաղություն հաստատման համար անհրաժեշտ է վերադառնալ մինչ 1967 թվականի սահմանները: Թուրքիայի նախագահը, ըստ էության կպնդի, որ պետք է Պաղեստինն անկախ հանրապետություն ճանաչել մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով։ Սպասվում է, որ Ռեջեփ Թայիբը Հռոմի Պապին շնորհակալություն կհայտնի Երուսաղեմի հետ կապված դրսևորած վերաբերմունքի համար։
Տեղեկությունների համաձայն'Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը հնարավոր է քննարկի նաև Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցը։ Հռոմի պապը շատ հարմար թեկնածու է հայ-թուրքական կոնֆլիկտի կարգավորման գործում որպես միջնորդ հանդես գալու համար, քանի որ Վատիկանը վստահություն է վայելում Հայաստանի կողմից և որևէ կերպ ներքաշված չէ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բարդ գործընթացում, հետևաբար՝ ընդունելի թեկնածու է նաև Բաքվի համար:
Սակայն այս համատեքստում պետք է փաստենք, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ խնդրով, իսկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոստացել է' գարնանը չեղարկել հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները: Էրդողանի իշխանությունն ավելի է զգում միջազգային մեկուսացման հետևանքները, մանավանդ, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամենևին էլ չեն կարող լրացնել այն վակուումն, որն առաջացել է Անկարայի և Արևմուտքի հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանքով: Այստեղ հատկանշական է նաև այն, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավականին լարված վիճակում, ինչը Թուրքիային մի տեսակ պարալիզացված կարգավիճակ է հաղորդում:
Այս նախաձեռնության համար լրացուցիչ մոտիվ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ Մոսկվան ԼՂ հարցում հրաժարվում է Անկարայի ու Բաքվի հետ սեպարատ համաձայնություններից, իսկ այդ պարագայում բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումը քաղաքական դիվիդենտ չի բերում Թուրքիային' տարածաշրջանում իր դիրքի լուրջ փոփոխությամբ: