Երկրորդ աշխարհամարտը 20-րդ դարում մարդկության պատմության ամենասարսափելի երևույթն էր: Այն սկսվել էր 1939թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 1945թ. սեպտեմբերի 2-ին: Այդ 6 տարիներին համաշխարհային այս պատերազմի ընթացքում, տարբեր տվյալներով, մինչև 50 միլիոն մարդ է զոհվել:
Հայկական իրականության համատեքստում, ինչպես պատմական բազմաթիվ իրադարձություններ և երևույթներ, այնպես էլ Երկրորդ աշխարհամարտին վերաբերող շատ կարևորագույն կետեր այնպես չեն մատուցվում, ինչպես որ իրականում է եղել, կամ առհասարակ չեն մատուցվում:
Անշուշտ, այդ համատեքստում գլխավոր կետը 1939թ. օգոստոսի 23-ին Մոսկվայում կնքված Խորհրդա-գերմանական կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն է: Պակտի գաղտնի մասերով՝ պատերազմի սկսվելուց 8 օր առաջ կողմերն ամբողջ Եվրոպայում ազդեցության գոտիների բաժանում էին կատարել և դառնալով ռազմավարական դաշնակիցներ փաստացի պատերազմ սանձազերծել: Սակայն այս հոդվածում այդ պակտի և դրա կործանարար հետևանքների անդրադարձ չի կատարվելու:
Այս հոդվածում ներկայացվելու է պատերազմի ընթացքի վրա հսկայական ազդեցություն թողած մի իրադարձություն, որի մասին շատ քիչ է խոսվում կամ ընդհանրապես չի խոսվում: Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, Լենդ-Լիզին:
Լենդ Լիզն ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կողմից իրականացվող պետական ծրագիր էր, որի համաձայն՝ ԱՄՆ-ն Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում դաշնակիցներին տրամադրում էր զինամթերք, պարենամթերք, բժշկական սարքավորումներ, նավթամթերք, զինվորական տեխնիկա հակառակորդի դեմ կռվելու համար: Լենդ-Լիզի նախապատմությունը սերում է 1940թ. մայիսից, երբ վարչապետ Չերչիլը խնդրեց ամերիկացիներին նավատորմային փոխանակություն իրականացնել: Հետագայում աշնանն ԱՄՆ կառավարական շրջանակներում ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է ապագա նախագիծը մշակեր: 1941թ. հունվարին սենատում սկսեցին լսումները Լենդ-Լիզի շուրջ: Մարտին նախագիծը ստորագրվեց, որից հետո Կոնգրեսի կողմից առաջին օգնության չափաբաժինը տրամադրվեց՝ մոտ 7 միլիարդ դոլարի չափով:
Ընդհանուր առմամբ՝ Ամերիկան մոտ 50 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել դաշնակիցներին: Մոտ 31 միլիարդ դոլար ստացել է Մեծ Բրիտանիան, 11 միլիարդ դոլար՝ Խորհրդային Միությունը, 3.2 միլիարդ դոլար՝ Ֆրանսիան և մոտ 1.5 միլիարդ դոլար՝ Չինաստանը: Բնականաբար, ԱՄՆ-ն ուներ իր պայմանները: Դրանցից ամենակարևորն այն էր, որ պատերազմի ավարտից հետո դաշնակիցները պետք է վերադարձնեին այդ պահին անվնաս մնացած ռազմատեխնիկան և մարեին իրենց պարտքերը: Ինչպես նշվեց, ամերիկյան օգնությունից անմասն չէր մնացել նաև ԽՍՀՄ-ը: Երկու կողմերի միջև բանակցությունները սկսվել էին 1941թ. միջնամասում, երբ խորհրդային կողմը ծանր պարտություններ էր կրում գերմանական հարձակման հետևանքով: Ամերիկյան կողմը Ա. Հարիմանի տեսքով բանակցություններ էր վարում Մոսկվայում: Առաջին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 1-ին, որի համաձայն՝ ԽՍՀՄ-ին տրամադրվում էր 1 միլիարդ դոլարի չափի օգնություն: Առաջին ռազմական մատակարարումների ժամանակ ԽՍՀՄ-ը 256 ամերիկյան ինքնաթիռ ստացավ: Դրանք ամերիկյան Աէրոկոբրա մարտական ինքնաթիռներն էին: Ընդհանուր առմամբ ողջ գործընթացի ընթացքում ԽՍՀՄ-ին մոտ 3.6 միլիարդ դոլարի ռազմական ինքնաթիռներ են մատակարարվել: Մոտավոր թիվը կազմում է 14 հազար: Հարկ է նշել, որ մինչ այդ Մեծ Բրիտանիան էր ռազմական տեխնիկա մատակարարել ԽՍՀՄ-ին: Բրիտանական տանկերը վճռորոշ նշանակություն էին ունեցել Մոսկվայի ճակատամարտում հաղթական ելքի համար: Բրիտանացիները մեծ քանակությամբ Մաթիլդա տանկեր էին մատակարարում ԽՍՀՄ-ին: Ամերիկյան կողմը Կիթոհոուք կործանիչների օգնությամբ Լենինգրադի պաշտպանության ժամանակ ռմբակոծում էր ֆիննական ծոցով շարժվող գերմանական նավերը: Այնուհետև նրանք իրենց դերն ունեցան Ուկրաինայի և Բելոռուսի վերանվաճման գործում: Ինքնաթիռներից բացի մատակարարվել են ռազմական մեքենաներ՝ մոտ 44 հազար օրինակ: Հիշարժան է հատկապես ամերկյան Ստուդեբեքեր ռազմական բեռնատարների մատակարարումը: Այդ բեռնատարները ռազմամթերք և զինվորական անձնակազմին ռազմաճակատ փոխադրելու հիմնական տրանսպորտն էին: Ռազմական մատակարարումն իրանակացվում էր մի քանի ճանապարհով: Դրանցից ամենակարճը, սակայն ամենավտանգավորն արկտիկական ճանապարհն էր, երբ ռազմամթերքը նավերով հասնում էր Մուրմանսկի նավահանգիստ: Գերմանական հետախոզության շնորհիվ 1942-ին գերմանացիները մի քանի հաջող գրոհ կազմակերպեցին այդ ուղղությամբ և կարողացան որոշակի հարված հասցնել բեռնափոխադրումներին:
Ընդհանուր առմամբ Լենդ-Լիզի ողջ գործընթացի ընթացքում խորհրդային կողմին տրամադրվել է՝
375.000 բեռնատար,
12.700 տանկ,
131.000 ինքնաձիգ,
22.000 թռիչքային միավոր,
8.000 հրացան,
445 ռադիոսարք,
105 հակասուզանավային ռազմական նավեր,
4.5 միլիոն տոննա մթերք,
15 միլիոն զույգ բանակային կոշիկ,
345.735 տոննա պայթուցիկ,
127.000 տոննա վառոդ,
31.000 տոննա դինամիտ,
11.000 միավոր վագոն,
622.000 տոննա երկաթգիծ,
1.900 միավոր շոգեքարշ,
328.000 տոննա ալյումին,
387.000 տոննա պղինձ,
2.586.000 տոննա ավիաբենզին:
Ինչպես նշվեց, ամերիկյան Լենդ-Լիզի օգնությամբ ԽՍՀՄ-ը հսկայական օգնություն է ստացել, սակայն, չգիտես ինչու, խորհրդային իշխանությունը թաքցնում էր Լենդ-Լիզի փաստը և շարունակում էր ԱՄՆ-ին մեղադրել աշխարհի մեղքերի մեջ: Սակայն նույնիսկ խորհրդային պաշտոնյաներն էին իրենց հեռագրերում և հուշագրերում նշում Լենդ-Լիզի կարևորության մասին: Այսպես, Մարշալ Ժուկովը գրում է. «Հիմա նրանք ասում են, որ դաշնակիցները մեզ չեն օգնել: Սակայն չէ՞ որ չի կարելի հերքել այն, որ ամերիկացիներն ուղարկում էին մեզ այնքան նյութեր, առանց որոնց մենք չէինք կարող կազմել մեր ռեզերվները և շարունակել պատերազմը: Մենք չունեինք պայթուցիկ և վառոդ: Չկար նյութ, որով հնարավոր էր լիցքավորել փամփուշտները: Ամերիկացիներն իսկապես մեզ օգնեցին վառոդի և պայթուցիկի հարցում: Իսկ որքան էին նրանք մեզ ալյումին ուղարկում: Իսկ հիմա ներկայացվում է այնպես, իբր թե մեր մոտ ամեն ինչ առատության մեջ էր»:
Անաստաս Միկոյանի խոսքերից. «Երբ մենք սկսեցինք ստանալ ամերիկյան պահածոները, ճարպ, ձվի փոշի, ալյուր և այլ մթերքներ, մեր զինվորները նշանակալի կալորիաներ սկսեցին ստանալ: Եվ ոչ միայն նրանք: Ինչ որ բան հասնում էր նաև թիկունք: Կամ, օրինակ, ավտոմեքենաների մատակարարումը: Որքանով որ հիշում եմ, կորուստները չհաշված, մենք ստացել ենք այդ ժամանակվա համար բարձրակարգ 400 հազար Ստուդեբեքերներ, Ֆորդեր, Ուիլիսներ: Մեր ամբողջ զորքը փաստացի հայտնվեց անիվների վրա: Արդյունքում բարձրացավ դրա մանևրականությունը և հարձակման տեմպը»:
Պատերազմի ավարտից հետո կողմերի միջև բանակցություններ սկսվեցին՝ պարտքերը մարելու շուրջ: Ամերիկյան կողմը պահանջում էր մոտ 1.3 միլիարդ դոլար: Խորհրդային կողմը պատրաստ էր վճարել 170 միլիոն դոլար: Հետագայում ամերիկացիները պահանջեցին 800 միլիոն դոլար: Սակայն ապարդյուն: Այսպես շարունակվեց մինչ 1972թ., երբ կնքվեց պայմանագիր, որի համաձայն՝ ԽՍՀՄ-ը մինչև 2001թ. պարտավորվում էր վճարել անհրաժեշտ գումարները: Միության փլուզումից հետո վճարման պարտավորությունն իր վրա վերցրեց Ռուսաստանը: Վերջինս վճարեց 722 միլիոն դոլար, կամ ԽՍՀՄ-ին տրամադրված ամբողջ օգնության համարժեք գումարի 6.5 %-ը:
Ներկայումս թե՛ ռուսական թե՛ հայկական իրականության մեջ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ ԽՍՀՄ-ն է հաղթանակի համար միակ դափնիների արժանի կողմը, իսկ դաշնակիցների ներդրման մասին (Լենդ-Լիզ, 1944թ. Նորմանդիայում երկրորդ ճակատի բացում) շատ մակերեսորեն է խոսվում: Արդյո՞ք խորհրդային ջախջախված կարմիր բանակը կարող էր հաջողություններ գրանցել, եթե չլիներ Քեռի Սեմը: Արդյո՞ք խորհրդային զինուժը կարող էր հաջողություններ գրանցել, եթե չլինեին անգլիական Լիվերփուլից դեպի ԽՍՀՄ տեղափոխվող բրիտանական Մաթիլդա տանկերը, ամերիկյան ինքնաթիռները և Ստուդեբեքերները: Խիստ կասկածելի է, որովհետև ինչպես Ժուկովն էր նշում. «Մենք մտել էինք պատերազմի մեջ շարունակելով արդյունաբերությամբ հետամնաց լինել Գերմանիայից»:
Դավիթ Ֆիդանյան