Քեմալը 1920թ.-ի ապրիլի 26-ին Լենինի գրած նամակում պարզապես առաջարկում էր բաժանել Անդրկովկասը, ընդ որում՝ Վրաստանն ու Ադրբեջանը նախատեսում էր թողնել Ռուսաստանին, իսկ Հայաստանը հոշոտել միայնակ: Միաժամանակ «իմպերիալիզմի» դեմ պայքար մղելու պատրվակով Քեմալը խնդրում էր Լենինից զենք, պարեն, դեղորայք, ռազմաինժենարական նյութեր՝ 5 մլն լիրա ոսկի ընդհանուր արժողությամբ:

Մոսկվա ուղարկվեց թուրքական պաշտոնական պատվիրակություն, որը 1920թ․-ի օգոստոսի 14-ին ընդունվեց Լենինի կողմից: Ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարությունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»: Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»: Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ․-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնությունը՝ ՀՀ վրա հարձակում սկսելու մասին: