Եթե ինձ հարցնեն՝ որ երկրում են ամենից արագ տեմպերով ընդլայնվում կանանց իրավունքները, առանց վարանելու կպատասխանեմ՝ միանշանակ Սաուդյան Արաբիայում:
Դատեք ինքներդ՝ ընդամենը 2017 թ. սեպտեմբերին ավտոմեքենա վարելու իրավունք ձեռք բերած սաուդցի կանանց հետևողականորեն թույլատրվեց, բացի թեթև մարդատար մեքենաներից, վարել նաև բեռնատարներ, տրակտորներ: Սաուդցի կանանց ամենավերջին «ձեռքբերումը», սակայն, տաքսի վարելու իրավունքն է, որը թագավորության իշխանություններն արտոնել են արդեն ընթացիկ տարվա մարտից:
Ավելին, հանրահայտ Uber և նրա մերձավորարևելյան մրցակից Careem ընկերություններն արդեն իսկ հայտարարել են կին վարորդների աշխատատեղեր ստեղծելու մասին: Ընդ որում, Careem-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կին վարորդների ծառայություններից կարող են օգտվել միայն կանայք և ընտանիքեր: Կին վարորդները կարող են աշխատել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին՝ խստորեն պահպանելով 8-ժամյա աշխատանքային ռեժիմը:
Հարկ է նշել, որ նման գործելաոճով սաուդյան իշխանությունները ոչ միայն երկրի և հասարակության ազատականացման տպավորություն են փորձում ստեղծել, այլև՝ սոցիալական խնդիր են լուծում՝ ստեղծելով կանանց համար շուրջ 10 հազար հավելյալ աշխատատեղ: