Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը ներկայացրել է Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման ռազմավարական ծրագիրը, որը բաղկացած է 6 կետերից։ Ծրագրում նախևառաջ առաջնակարգ նշանակություն է տրվում իսրայելցի ռազմագերիների վերադարձի հարցերին։

 

Երկրորդ և երրորդ կետերով նախատեսվում է 2018թ. ընթացքում ամբողջովին ոչնչացնել «Համաս»-ի կողմից կառուցված դիվերսիոն թունելները, ավարտին հասցնել Գազայի հատվածի սահմանագծում ստորգետնյա պատնեշային կառույցի շինարարարական աշխատանքները, որը հնարավորություն կտա կանխել դիվերսիոն թունելների հետագա կառուցման հարցը։ Չորրորդ՝ «Համաս»-ի ռազմավարական պոտենցիալի կամ կարողությունների վնասազերծումն է։ Հինգերորդ կետով նախատեսվում է ամրապնդել Գազայի հատվածին սահմանակից հրեական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացումն ու անվտանգությունը։

 

Ռազմավարական ծրագրի վերջին կետի համաձայն, Իսրայելը պատրաստակամություն է հայտնում գոյակցել Գազայի հատվածի հետ՝ «զինաթափում վերականգնման դիմաց» սկզբունքով։