Ցավոք, երևի թե սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ մենք ազգովի կարձանագրենք համազգային դեգրադացիայի ու էքսիզտենցիալ ճգնաժամի մասին, ընդ որում՝ շատ հանգիստ կարելի է դա անել պետական մակարդակով։ Այլ կերպ բացատրել այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի հասարակության ներսում, բացատրել հնարավոր չէ, այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված արշավը, որն այս օրերին կազմակերպվել է ֆեյսբուքյան հարթակում։ Կարիքավոր զինվորի բուժման համար նրա կողմից դրամահավաքի կոչին մարդիկ ոչ միանշանակ արձագանքեցին, ինչը բնական կլիներ, եթե այն տեղավորվեր առողջ քննադատության շրջանակներում։ Սակայն պետք է հասկանալ, որ հասարակություն-իշխանություն անջրպետը հաղթահարելու համար պետք է կատարվեն կոնկրետ քայլեր, ու ինչ-որ տեղից այդ պրոցեսը պետք է սկիզբ առնի։
Հիմա, ասենք, մի՞թե վատ է, որ պաշտպանության նախարարը թեկուզ դրամահավաքի հայթայթման տեսքով գրառում է անում, դրա հետ մեկտեղ էլ հարկ է համարում օգտատերերի հետ կարծիքներ փոխանակել և, ով աստվածներ, իրեն հանիրավի մեղադրողներին պատասխանել նույն կերպ։ Այո, գուցե Սարգսյանը չպետք է ամեն արժան-անարժանի հետ բանավեճի մեջ մտնի, բայց, հազար ներողություն, մի՞թե այլ պայմաններում մենք չենք բողոքում, որ էլիտան, իշխանությունները հասարակական տրամադրությունները չգիտեն, չեն տիրապետում ու հարկ էլ չեն համարում այն ուսումնասիրել ու հասկանալ։
Հիմա ավելի լավ չե՞ն այսպես սկզբից տարաձայնություններով, սակայն աստիճանաբար հարթեցված իշխանություն-հասարակություն հարաբերությունները, քան մինչև վերջ լղոզված, օտարված, բարդ հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Անշուշտ, նախընտրելին առաջին տարբերակն է, որովհետև արդեն վաղուց ժամանակն է, որ 21-րդ դարում մեր իշխանությունները վերջապես հասկանան, որ Հայաստանի հասարակությունը գտնվում է բարոյահոգեբանական շատ բարդ իրադրության մեջ, ու այս պարագայում մարդկանց մեղադրել պետք չէ, իշխանությունը պետք է զինվի համբերությամբ, որպեսզի սկսած գործն ավարտին հասցվի։ Վիգեն Սարգսյանը հատկապես պետք է շատ լավ հասկանա այս ամենը։