Այս կռունկի տեղում մինչև վերջերս բազմած էր Զեյթունի հռչակավոր շուկան։ Հիշում եմ՝ մենք դեռ Զեյթունում չէինք ապրում, բայց գալիս էինք այստեղ ակվարիումի ձուկ՝ գուպի, մեչինոսեց, սկալյար, ու ձկների համար ճիճու գնելու։ 

Զեյթունի շուկան առևտրական իր փառքի բարձունքին հասավ 90-ական թվականների սկզբին, երբ շուկայի ներսում, բակում, մայթերին, կայանած մեքենաների թափքերին, օդում և ցամաքում նորանկախ Հայաստանի նորաթուխ «բիզնեսմենները» թուրքական «մաչոնկա» էին վաճառում, որը գնել էին բնակարան վաճառելով կամ ամսական 20 տոկոս տոկոսադրույքով փող վերցնելով։ Է՜հ, ո՞վ է հիմա արժևորում այդ հեղափոխական ժամանակները...

Հետո շուկան գնալով խամրեց ու խամրեց, աստիճանների կողքերին հայտնվեցին մեծ ու փոքր խանութներ, որոնք «Երևանի Սիթիի» հետ միասին վերջին կործանիչ հարվածը հասցրին Զեյթունի երբեմնի հպարտությանը։ 

Դե, իսկ ամենավերջում հայտնվեց բաղձալի ներդրող-կառուցապատողը, որը քանդեց այլևս ոչ մի նշանակություն չունեցող խորհրդային տիպային կոլտնտեսական շուկայի շենքը և այժմ կառուցում է նորանկախ Հայաստանի տիպային բարձրահարկը։