«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:


Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկյա կամ ՀՀ քաղաքացի) գտնվելով այլ պետությունում տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է:Այս դեպքում խախտվում է երեխայի մի շարք իրավունքներ:
2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:


Ըստ փոփոխություններից մեկի ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:


Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը: Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին: