Թուրքիայի էկոլոգիայի ինստիտուտը հրապարակել է Թուրքիայի այն նահանգների և քաղաքների ցուցակը, որտեղ օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի: Դրանք են՝ Անկարա և Ստամբուլ քաղաքները, Ադանայի, Հաթայի, Մերսինի և Քարհամանմարաշ նահանգները՝ հարավում, Ամասիա և Սամսուն նահանգները՝ Սևծովյան տարածաշրջանում, Նիղդե և Սիվաս նահանգները՝ կենտրոնական մասում, Մանիսա, Բուրսա, Դենիզլի, Քյութահըյա, Թեքիդաղ, Յալովա, Քիրքլարելի և Սաքարյա նահանգները՝ արևմուտքում:
Հրապարակվել է նաև այն նահանգների և քաղաքների ցուցակները, որտեղ օդի աղտոտվածության նիշը գտնվում է բարվոք վիճակում: Դրանք են՝ Արտվին նահանգը՝ Սևծովյան տարածաշրջանում (հյուսիս-արևելք), Բիթլիս արևելյան նահանգը, Էսքիշեհիր հյուսիսարևելյան նահանգը և Յոզգաթ, Քիրշեհիր և Քիրիքքալե կենտրոնական նահանգները:
Կարծում եմ, որ այս ցուցակը Հայաստանի համար շատ բարենպաստ ցուցակ է: Ինչպես հայտնի է, Թուրքիան անընդհատ հայտարարում է մեր ատոմակայանի պատճառով իրենց բնակավայրերի օդի աղտոտվածության և վտանգավորության մասին, այնինչ այս ցուցակում ոչ միայն չկան մեզ սահմանակից նահանգների անվանումները, այլև օդի աղտոտվածության մակարդակի բարվոք վիճակում գտնվող մի շարք նահանգներ՝ Արտվին, Բիթլիս նահանգները, որոնք ուղիղ գծով մոտ են ատոմակայանին, ունեն օդի աղտոտվածության մակարդակի ամենացածր աստիճանը և համարվում են Թուրքիայի՝ ամենամաքուր օդ ունեցող նահանգներից: