Վերջին ցույցերի կապակցությամբ Իրանի պաշտոնական շրջանակները և իրանցի փորձագետները կարծում են, որ հատկապես բենզինի գնի թանկացման վերաբերյալ կեղծ լուրերն են բողոքի գործողությունների սկզբի պատճառ դարձել։

Ըստ նրանց՝ հատկապես «Տելեգրամ» սոցիալական ցանցի հնարավորությունների օգտագործմամբ կիրառվել է, այսպես կոչված, «ոչ մեծ քաղաքների ընդվզման» տեխնոլոգիան, ինչը ենթադրում է անվտանգության մարմինների համեմատաբար ավելի թույլ վերահսկողության տակ գտնվող և տնտեսապես ավելի թույլ զարգացած ոչ մեծ քաղաքներում անհանգստության հրահրում և դրա՝ «ձնագնդի» էֆեկտով աստիճանական փոխադրում դեպի ավելի ապահովված մայրաքաղաք և մեծ քաղաքներ։

Կիրառվել է նաև կեղծ լուրերով «ռմբակոծման» տեխնոլոգիան, երբ իրար հետևից սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել այս կամ այն ոչ մեծ քաղաքի «ապստամբների» ձեռքն անցնելու մասին, ինչի արագ հերքումը պաշտոնական լրատվամիջոցներով, ըստ էության, անհնար է՝ հաշվի առնելով սոցցանցերով տարածվող կեղծ լուրերի ավելի օպերատիվ լինելու հանգամանքը։

Ասենք, օրինակ, հենց նույն այն քաղաքը, որտեղ ես հանգիստ զբոսնել եմ պատմական վայրերում և հին շուկայում, իբր, հենց այդ ժամանակ անցած է եղել «ապստամբների» վերահսկողության տակ։

#Իրան #ցույցեր

 

Վարդան Ոսկանյան