Տարվա այս ժամանակահատվածում մարդիկ առավել հաճախ են ինքնաթիռով ճամփորդում․ ոմանք սիրում են Ամանորը նշել այլ երկրներում, հատկապես՝ արևադարձային, տաք երկրներում։ Բայց արդյոք տեղյա՞կ եք ինքնաթիռներում մատուցվող սննդամթերքի անվտանգության մասին։ Ինքնաթիռով մի տեղից մյուսը գնալու արդյունքում հաճախ մարդկանց մոտ առաջանում է ջեթլագ՝ սինդրոմ, երբ մարդու ներքին կենսաբանական ժամացույցը ժամային գոտիների տարբերության պատճառով խառնվում է իրար։ Պարզվում է, ինքնաթիռում ուտելը նպաստում է ջեթլագի առաջացմանը, ինչը, չնայած, պաշտոնապես ապացուցված չէ։
Այնուամենայնիվ, մի կին, ով նախկինում բորտուղեկցորդուհի էր աշխատում, բացահայտել է այս գաղտնիքը։ «Դեռ տաս տարի առաջ, երբ նոր էի սկսել աշխատանքս, գործընկերուհիներիցս մեկն ասաց, որ նա երբեք ոչինչ չի ուտում ինքնաթիռում, ու այդպես ավելի լավ է իրենց զգում։ Նա ասում էր, որ երբ գետնից մի քանի հազար մետր բարձրության վրա ես գտնվում, օդի ճնշման փոփոխության պատճառով օրգանիզմում մարսողական համակարգը ժամանակավորապես դադարում է աշխատել։
Այսինքն՝ ինքնաթիռում օգտագոծած սնունդը չի մարսվում, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, միայն այդ ժամանակ է ձեր մարսողական համակարգը վերսկսում աշխատել։ Արդյունքում, ստամոքսում մեծ քանակությամբ ուտելիք է հավաքված լինում, որը միանգամից չմարսվելու պատճառով գերհոգնածություն է առաջացնում և գումարվելով ժամային գոտու փոփոխությանը՝ առաջացնում ջեթլագ»,-նշել է բորտուղեկցորդուհին։
Ի հակառակ կնոջ բերած փաստարկների, բժիշկներն ասում են՝ գիտականորեն ապացուցված չէ, որ երբ ինքնաթիռը մի քանի հազար մետր բարձրության վրա է գտնվում մարդու մարսողական համակարգը չի գործում։ Դեռ մի բան էլ նրանք պնդում են, որ ինքնաթիռի մեջ, հատկապես երկար թռիչքների ընթացքում ուտելիքից հրաժարվելը կարող է հոգնածություն ու թուլություն առաջացնել, քանի որ օրգանիզմին ամեն դեպքում սնունդ ու էներգիա է անհրաժեշտ։