2017 թ. ՀՀ արտաքին քաղաքականությունը նաև արդյունավետության տեսանկյունից բազմավեկտոր էր՝ արևելյան, մերձավորարևելյան տարածաշրջանային, ինտեգրացիոն կառույցների, արևմտյան ուղղություններով:
Ուշագրավ է այն իրողությունը, որ ուղղակի էֆֆեկտիվությունից բացի, պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի առանձին վեկտորները, այդ ուղղություններով իրականացված քայլերը, ձեռք բերված պայմանավորվածությունները խառնել են նաև Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, շրջափակաման քաղաքականություն վարող Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ծրագրերը՝ փաստացիորեն ձախողելով կամ առնվազն բազմաթիվ խնդիրներ ստեղծելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող Հայաստանի մեկուսացման քաղաքականության հարցումը, որը դիվանագիտական ահռելի ջանքերից բացի նաև հսկայական ֆինանսական միջոցներ է արժեցել հարևան թյուրքական պետությունների համար:
Մասնավորեցնելով Երևանի վարած արտաքին քաղաքական ուղղություններից մի քանիսը՝ կարելի է նկարագրել նաև դարնցից յուրաքանչյուրի հետ կապված հատկապես պաշտոնական Բաքվի զգացական վերաբերմունքի դրսևորումները:
Վերոնշյալի պատկերավոր արտացոլումը կարելի է ներկայացնել հետևյալ պայմանական նկարագրականներով՝
1. Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերային բազմակողմանի հարաբերությունների առավել սերտացումը Ադրբեջանում առաջացնում է թաքցված խանդի, նախանձի զգացողություններ և դրանց վրա բացասաբար ազդելու անհագ ցանկություն:
2. Հայաստան-ԱՊՀ անդամ երկրներ բազմակողմանի հարաբերությունները՝ ցուցադրական անտարբերության, այլայլվածության զգացողություններ,
3. Հայաստան-Իրան բարեկամական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների խորացումը՝ անթաքույց զայրույթի, անհուսության, այլայլվածության զգացողություններ և առաջանցիկ քայլեր իրականացնելու ձգտում,
4. Հայաստան-Վրաստան բարեկամական, քաղաքական, տնտեսական, հարաբերությունների ակտիվացումը՝ դավաճանվածության զգացողություն, վրեժխնդիր լինելու ցանկություն,
5. Հայաստան-արաբական և մուսուլմանական երկրներ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը՝ հուսախաբության և մոլի զայրույթի զգացողություններ,
6. Հայաստան-Իսրայել քաղաքական, տնտեսական հարաբերությունների հեռանկարը՝ մոլի խանդի զգացողություն, որևէ կերպ դրանց խոչընդոտելու ձգտում,
7. Հայաստան-ԵՄ քաղաքական, տնտեսական հարաբերությունների սերտացումը՝ թաքցված նախանձի և ցուցադրական անտարբերության զգացողություններ:
8. Հայաստան-Հեռավոր Արևելքի երկրներ հարաբերությունների աշխուժացումը՝ նախանձի, խանդի զգացողություններ, առաջանցիկ քայլեր նախաձեռնելու ձգտում:
Չնայած այն իրողությանը, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը պետք է ծրագրվի և իրացվի բացառապես սեփական շահի և շոշափելի ձեռքբերումների տեսլականի հիման վրա, այսուհանդերձ, պետք է փաստել, որ նաև վերոնշյալ ուղղություններով համակողմանի հարաբերությունների խորացման գործընթացը պետք է ուղեկցվի նախապես համակարգված քարոզչական արշավով՝ հակամարտային իրավիճակում հայկական կողմի համար անհրաժեշտ և համակողմանի նախահարձակ ֆոն ապահովելու համար: