Այս օրերին ռազմական իրավիճակը բավական թեժ է հատկապես Սիրիայի կենտրոնական Համա, հյուսիս-արևմտյան Իդլիբ և հարավ-արևմտյան ալ-Կունայտրա նահանգներում, Գոլանի բարձունքների հատվածում:


ա) Թեժ մարտեր են ընթանում մի կողմից սիրիական կառավարական ուժերի և նրանց հարող խմբավորումների, մյուս կողմից՝ ահաբեկչական «Հայա Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ, «ալ-Կաիդայի» ճյուղավորումը Սիրիայում) և ընդդիմադիր մի քանի այլ խմբավորումների միջև:


բ) Անընդհատ բախումներ են ընթանում նաև ՀԹՇ-ի, ԻՊ-ի և մի շարք այլ ընդդիմադիր խմբավորումների միջև:


Առաջին ուղղությամբ կառավարական ուժերը և նրանց հարող շիայական խմբավորումները լուրջ ռազմավարական հաջողության են հասել Գոլանի բարձունքներում՝ ազատագրելով Բեյթ ջին ռազմավարական նշանակության շրջանը՝ իսլամականների վերջին օրրանը՝ վերականգնելով մինչև 2012 թ. դիրքային իրավիճակը և հայտնվելով Իսրայելի սահմանից ընդամենը 6 կմ-ի վրա:


Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիս-արևելյան շրջանում նույն դերակատարների միջև պայքարը դեռևս ընթանում է փոփոխական հաջողություններով: Ռազմական գործողությունների գոտում իսլամականները խոցել են կառավարական ուժերին պատկանող L-39
տեսակի ռեակտիվ կործանիչ, իսկ կատապուլտ եղած օդաչուին դաժանաբար սպանել: Կառավարական ուժերի վերջնանապատակն է Համայից հետո Իդլիբի դեմ հուժկու գրոհի նախաձեռնումը, որն ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների կողմից ամբողջապես վերահսկվող վերջին նահանգն է Սիրիայի տարածքում:


Երկրորդ ուղղությամբ՝ տարաբնունթ իսլամական ծայրահեղ արմատական և «չափավոր» ընդդիմադիր խմբավորումների միջև պայքարն ընթանում է դարձյալ Համա և Իդլիբ նահանգներում, մինչդեռ ավելի նվազ ինտենսիվությամբ և աննշան դիրքային փոփոխություններով՝ էականորեն ջլատելով իսլամականների ուժերը:


Արմեն Պետրոսյան